ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԴՈՒԲԼԻՆԻ ԱՐՎԵՍՏԻ, ԴԻԶԱՅՆԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Էրազմուս+DeSIRe (Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում) ծրագրի շրջանակում ս. թ. հոկտեմբերի 6-10-ը Դուբլինի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում (Իռլանդիայի Հանրապետություն) իրականացվել են երեք ուսումնական մոդուլների և մեկ զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC-1) նախագծման ու իրականացման վերապատրաստումներ, ինչպես նաև կառավարման խորհրդի նիստ:

Վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի գործընկեր Հայաստանի և Վրաստանի բուհերի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գորիսի պետական համալսարանը ներկայացրել են ԱԿՀԼ բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը և ՈԳԱ բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը:

Դասընթացներն իրականացրել են Դուբլինի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի արհեստավարժ դասախոսները: Դասընթացի մասնակիցները ներգրավվեցին գործնական և ինտերակտիվ դասընթացներում, որոնք ուղղված էին ստեղծարար մտածողության, թիմային աշխատանքի և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացիկ փուլը, ներհամալսարանական վերապատրաստման դասընթացները, դրանց արդյունքները և ազգային մակարդակով իրականացված իրազեկման և տարածման միջոցառումներն ու դրանց ազդեցությունը։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են փափուկ հմտությունների լաբորատորիաների կայուն զարգացման ուղիները, որակի ապահովման մեխանիզմները և ծրագրի տեսանելիության բարձրացման միջոցառումները։

Ծրագրի հերթական, կարևոր միջոցառումներից է լինելու 2026թ. մարտի սկզբին Գորիսի պետական համալսարանում անցկացվելիք տարածաշրջանային իրազեկման օրը:

Facebook Comments