ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ» ԹԵՄԱՅՈՎ

Այսօր Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Արհեստական բանականությունը և նրա ազդեցությունը կրթական համակարգի վրա» թեմայով:
Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ այս պահին գործող արհեստական բանականություններին (ԱԲ), դրանց զարգացումներին, ազդեցություններին, ռիսկերին, կրթական համակարգում ԱԲ-ի ընձեռած հնարավորություններին, որոնք դեռևս լիովին բացահայտված չեն, սակայն մեծ արագությամբ փոխում են մարդկային պատկերացումները:
Բանախոսը կարևորեց արհեստական բանականության հիմնարար սկզբունքների և առանձնահատկությունների խորքային ըմբռնումը՝ ընդգծելով դրանց ճիշտ և արդյունավետ կիրառման կարևորությունը կրթական միջավայրում։
Շեշտվեց այն փաստը, որ ԱԲ-ն ոչ թե պետք է փոխարինի ուսուցման ավանդական մեթոդներին, այլ դիտարկվի որպես օժանդակ միջոց՝ հեշտացնելու, արդյունավետ դարձնելու ուսուցման գործընթացը:
Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու, կիսվելու իրենց տեսակետներով և փորձով՝ ներկայացնելով իրենց առաջարկները, հնարավոր լուծումները և ընդգծելով, որ ԱԲ-ի կիրառումը կրթության ոլորտում պետք է ուղեկցվի պատասխանատու մոտեցմամբ, ներառի համապատասխան կանոնակարգեր, մեթոդաբանություններ և վերահսկման մեխանիզմներ՝ ապահովելու ԱԲ-ի գործիքների ճիշտ օգտագործումը։
Սեմինարի բանախոսն էր Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արթուր Խոջաբաղյանը:
Սեմինար-քննարկմանը մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի դասախոսներ, ուսուցիչներ և թեմայով հետաքրքրված անձինք: