ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Սիրելի՛ ուսանողներ,

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական գիտական ընկերությունը (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈւԳԸ) կազմակերպում է «Գիտակրթական ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով ուսանողական հանրապետական գիտաժողով, որը տեղի կունենա 2025թ. ապրիլի 22-23-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 10-րդ հարկի նիստերի դահլիճում:

Գիտաժողովի նպատակն է խրախուսել և խթանել գիտության բնագավառում իրենց առաջին քայլերը կատարող հետազոտողներին: Միաժամանակ այն հնարավորություն է ընձեռում ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Քիմիական գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Գյուղատնտեսական գիտություններ
  • Պատմական գիտություններ
  • Տնտեսական գիտություններ
  • Փիլիսոփայական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ
  • Իրավաբանական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ
  • Հոգեբանական գիտություններ
  • Բնապահպանական գիտություններ
  • Քաղաքական գիտություններ
  • Սոցիոլոգիական, աշխարհագրական, երկրաբանական գիտություններ ։

Մասնակցության ձևաչափ՝ առկա, առցանց:

Մասնակցության համար  անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://forms.gle/VfciNLef8uqxmk9P7:

Զեկուցումները, ինչպես նաև մասնակցության հայտը անհրաժեշտ է մինչեւ 2025 թվականի ապրիլի 18-ը ուղարկել հետևյալ  էլեկտրոնային հասցեին՝ sss@isec.am:

Զեկուցումներին ներկայացվող պահանջներն են.

  1. Գիտական զեկուցումը պետք է լինի մինչեւ 10 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, համակարգչային շարվածքով, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,15 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։
  2. Վերեւում նշել վերնագիրը` 11 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), այնուհետեւ հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը եւ կոչումը (եթե առկա է), զբաղեցրած պաշտոնը կամ ուսումնական հաստատությունը (սկսել նոր տողից), մեկ տող ներքեւ տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 11 pt տառաչափով, շեղատառ (italic) եւ թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցմանամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ պետք է հակիրճ ներկայացվեն ուսումնասիրության առարկան, մեթոդները, հեղինակ(ներ)ի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։
  3. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ) եւ նշել 5-6 բանալի բառեր։
  4. Բաց թողնելով երկու տող՝ անհրաժեշտ է շարադրել աշխատանքը, 11 pt տառաչափով։

Հղումները՝ տեքստում՝ ուղղանկյուն փակագծերում՝ ըստ գրականության ցանկում ներկայացված կարգային համարի [3, էջ 15], մուգ։

  1. Բնագրին հաջորդում է «Օգտագործված գրականության ցանկ»-ը, որը ներկայացվում է բնագրի լեզվով: Նախ նշվում են հեղինակի (ների) ազգանունը (ները) եւ անվան սկզբնատառը (երը), այնուհետեւ նյութի՝ գրքի կամ հոդվածի ամբողջական անվանումը, ամսագրի լրիվ կամ ընդունված կրճատ անվանումը, հրատարակման վայրը, հրատարակչությունը, հրատարակման թվականը, հատորի եւ թողարկման համարները, հերթական համարը, էջերը կամ գրքի էջերի քանակը (Օր.՝ Հակոբյան Մ., Ստեփան Ոսկանյանը եւ նրա միջավայրը, Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմ. ին-տ., 2005, 472 էջ): Համացանցում տեղադրված նյութերի դեպքում կիրառվում են նույն սկզբունքները՝ վերջում նշելով համապատասխան նյութի հղման հասցեն եւ ծանոթանալու ամսաթիվը (օրինակ՝… // URL: https://www.example.am…, 14.06.2016)
  2. Ներկայացվող զեկուցումները պետք է ունենան հստակ տրամաբանական կառուցվածք՝

ա) ներածություն, որում հիմնավորվում է ուսումնասիրման առարկայի արդիականությունը, ներկայացվում են հետազոտության հիմնական նպատակը, տեսական եւ գործնական հիմքերը, առաջադրվող վարկածը,

բ) հիմնական մաս, որում վերլուծվում են հետազոտության թեմայով նախկինում կատարված գիտական հրապարակումները, արդի մոտեցումները, հեղինակ(ներ)ի կատարած ուսումնասիրությունը, տեսակետները,

գ) ամփոփիչ մաս, որը բովանդակում է հետազոտության արդյունքները՝ եզրահանգումները, տեսական եւ գործնական նշանակություն ունեցող առաջարկությունները, գիտական նորույթ պարունակող խնդրի լուծումը, հաստատված վարկածը, կանխատեսումները։

  1. Զեկուցման վերջում 11 pt տառաչափով անհրաժեշտ է գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը եւ կոչումը, զբաղեցրած պաշտոնը կամ ուսումնական հաստատությունը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը՝ 150-250 բառ, եւ բանալի բառերը։
  2. Լատիներեն եւ հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաեւ բանաձեւերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները եւ աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 11 pt տառաչափով։
  3. Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:
  4. Ցանկության դեպքում զեկուցումը գիտաժողովին կարող եք ներկայացնել նաեւ տեսասահիկի ցուցադրմամբ:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 060623519 (ներքին՝ 369 կամ 332) դեկանատ, 055517515, 043771720, 098957006 կամ գրել էլեկտրոնային փոստին՝ sss@isec.am:

 

Facebook Comments