«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 2025»-Ը (ISC 2025) ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում օգոստոսի 25-29-ը ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտություններ ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը մասնակցել է Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստների համալսարանում կայացած «Միջազգային ամառային համաժողով 2025» միջոցառմանը, որը կազմակերպվել էր Erasmus+ Knowledge Alliance ProDiT, DAAD InduTwin@scale, Erasmus+171 and DAAD-արևելյան գործընկերության ծրագրերի նախաձեռնությամբ:
Համաժողովին մասնակցում էին համալսարանականներ ամբողջ աշխարհից՝ Լատինական Ամերիկայից մինչև Հնդկաստան: Համաժողովի հիմնական թեմաներն էին միջմշակութային կապերի զարգացումը, ուսանողների և դասախոսների շարժունության և միջսահմանային ծրագրերի վերաբերյալ քննարկումները: Համաժողովին յուրաքանչյուր համալսարանի ներկայացուցիչ հնարավորություն ունեցավ ներկայացնելու իր համալսարանը, կրթական ծրագրերը և միջազգային գործունեությունը: Մասնակիցներից շատերը ներկայացրին նաև հետազոտական զեկույցներ:
Համաժողովային շաբաթը ներառում էր բազմաբովանդակ ծրագիր․ ինտերակտիվ դասընթացներ, հետազոտական նախագծերի ներկայացումներ, սեմինարներ, ինչպես նաև քննարկումներ՝ միջազգային հանդիպումների և միջսահմանային նախագծերի կառավարման շուրջ։
Համաժողովը նպաստեց ինչպես ԳՊՀ-ի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, այնպես էլ համալսարանի համար նոր համագործակցությունների հնարավորությունների ստեղծմանը:








