«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԷՔՍՊՈ-2025»

Հունվարի 29-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Կապանում տեղի ունեցավ «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցեցին Սյունիքի մարզի նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն 19 ուսումնական հաստատություններ, մարզի հետ մշտապես համագործակցող ռազմական ուսումնական հաստատություններ, գործատուներ, այլընտրանքային կամ շարունակական կրթություն առաջարկող կառույցներ։
Միջոցառման շրջանակներում Գորիսի պետական համալսարանը ներկայացրեց իր մասնագիտական կրթական ծրագրերը, առավելությունները՝ նպաստելով մասնագիտական կողմնորոշման հարցում երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը: ԳՊՀ-ից միջոցառմանը մասնակցեցին ռեկտոր Տ. Վանդունցը, շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Ա. Դինունցը, ՈւԳԸ նախագահ Մ. Արջունցը: Միջոցառման հանդիսավոր մասում ներկաներին ողջունեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ նա շնորհակալություն հայտնեց էքսպոյի կազմակերպիչներին, մասնակիցներին, հյուրերին և կարևորեց միջոցառումը` աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու առումով։ Ներկաներին իր մասնագիտական կողմնորոշման, ԳՊՀ-ն ընտրելու մասին պատմեց նաև Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մանե Արջունցը. «Երբ կանգնեցի մասնագիտության ընտրության առջև, որոշեցի ընտրել Գորիսի պետական համալսարանը։ Հենց այստեղ ես տեսնում էի ոչ միայն ավագ սերնդի ուսանողների հաջողությունները, այլև հնարավորություն՝ ապրելով Սյունիքում հասնել իմ մասնագիտական նպատակներին։ ԳՊՀ-ում կրթությունս սահմանափակված չմնաց միայն ֆորմալ կրթությամբ. ես ակտիվորեն ներգրավվեցի ուսանողական կառույցների աշխատանքներում, մասնակցեցի ոչ ֆորմալ տարբեր նախագծերի, որոնք շարունակաբար ապահովեցին իմ անձնային և մասնագիտական աճը։ Սակայն ինձ ամենից շատ գրավեց գիտական հետազոտությունների ոլորտը։ ԳՊՀ-ն ինձ տվեց սեփական ուժերիս հավատալու և իմ գիտական ներուժը հասկանալու միջավայր: Ես հնարավորություն ունեցա իրականացնել հետազոտություններ, մասնակցեցի հանրապետական, միջազգային գիտաժողովների, 2024թ. արժանացա «Տարվա լավագույն ուսանող» կոչմանը՝ հումանիտար գիտությունների ոլորտ, 1-ին տեղ: Իմ ապագայի տեսլականը հստակ է. ցանկանում եմ ստացած գիտելիքներս, հմտություններս ծառայեցնել կրտսեր սերնդի կրթման գործին Սյունիքի մարզում և խորանալ հայագիտության ոլորտում»։
«Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը դարձավ կարևոր հարթակ՝ մեկտեղելու տարբեր գաղափարներ, վերլուծելու մասնագիտությունների պահանջներն ու հնարավորությունները, քննարկելու ուսումնական հաստատությունների ու գործատուների հնարավոր համագործակցությունները, ինչպես նաև այն գործոնները, որոնք ազդում են երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման վրա: