ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ

Կարևորելով հանքարդյունաբերության դերը՝ որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման շարժիչ ուժ` Գորիսի պետական համալսարանի ուսանողների համար հոկտեմբերի 30-ին կազմակերպվեց ճանաչողական այց դեպի երկրի տնտեսության հենասյուներից մեկը և ռազմավարական նշանակություն ունեցող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։

Այցի շրջանակում տարբեր կրթական ծրագրերով սովորող 22 ուսանողներ եղան բաց հանքում, այցելեցին արտադրական ֆաբրիկա, տեղում ծանոթացան հանքարդյունաբերության տեխնոլոգիական գործընթացներին, արտադրական հոսքագծերին, բնապահպանական և աշխատանքային անվտանգության ապահովման միջոցառումներին, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը։

Այցի ընթացքում ուսանողները եղան նաև Վահանավանքում, որտեղ ճանաչողական այցը եզրափակվեց պատմական և հոգևոր արժեքների գնահատմամբ։

Գորիսի պետական համալսարանը շնորհակալություն է հայտնում ԶՊՄԿ ղեկավարությանը՝ ճանաչողական այցի կազմակերպմանն աջակցելու, ուսանողներին ջերմորեն ընդունելու, ուղեկցելու, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և գեղեցիկ հյուրասիրություն կազմակերպելու համար։

Այցը նպաստեց ուսանողների մասնագիտական հորիզոնների ընդլայնմանը և հիմք ստեղծեց ԳՊՀ-ի ու ԶՊՄԿ-ի միջև հետագա արդյունավետ համագործակցության զարգացման համար։

Facebook Comments