ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄ, ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄ. ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Այսօր ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը Գորիսի պետական համալսարանում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Երկրաշարժի հետևանքով Գորիսի պետական համալսարանի փլուզված շինության ներսում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը:
Աշխատանքներին հետևում էր ՀՀ ՆԳՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը:
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի հմտությունները փրկարարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև ամրապնդել արձագանքող ուժերի, վարչական աշխատակազմի և կազմավորումների փոխհամագործակցությունը: Ուսումնավարժանքին մասնակցում էին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի ՀՓՋ ծառայողները, Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ 2 մարտական հաշվարկով, «ՀԷՑ» ՓԲԸ Գորիսի և «Սյունիքի ԳԳՄ» մասնաճյուղերի վթարային բրիգադները, «Գորիսի ԲԿ» ՓԲԸ շտապ օգնության ծառայության գծային բրիգադը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի գումարտակի ծառայողները, «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի անձնակազմն ու ուսանողները:
Մտահղացման համաձայն` հարևան պետության տարածքում տեղի է ունեցել 8-9 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում: Երկրաշարժից տուժել է Գորիսի պետական համալսարանի 1-ին մասնաշենքը, վնասվել են գլխավոր մուտքը, աստիճանավանդակները, աշխատակիցներն ու ուսանողները արգելափակվել են շենքում, կան տուժածներ:
Ազդանշանից հետո համալսարանի ղեկավար կազմն անմիջապես կազմակերպել է աշխատակիցների և ուսանողների տարհանումը:Մինչ փրկարարական ուժերի ժամանումը համալսարանի կազմավորումների ուժերով իրականացվել են հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:
Դեպքի վայր ժամանած արձագանքող ուժերն իրականացրել են հետախուզություն և բացազատում: Ստեղծվել է փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:
Տարբեր տեղամասերում իրականացվել են հրդեհաշիջման, ինչպես նաև արգելափակված քաղաքացիների ու տուժածների տարհանման աշխատանքներ՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:
Ամփոփելով ուսումնավարժանքը՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ուսումնավարժանքի մասնակիցներին՝ բարձր գնահատելով ցուցաբերված պատրաստվածությունը, արդյունավետ փոխգործակցությունն ու համատեղ իրականացված աշխատանքները։
Կարևորելով խաղաղ պայմաններում բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը շնորհակալություն է հայտնել ուսումնավարժության կազմակերպիչներին և մասնակից բոլոր կառույցների ներկայացուցիչներին՝ բարձր գնահատելով նրանց հետ արդյունավետ համագործակցությունը:






















