«ՀՈՎԱՆԻ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԳՊՀ ՅՈԹ ՈՒՍԱՆՈՂԻ
Սեպտեմբերի 27-ին «Հովանի» կրթական հիմնադրամը մեկ կիսամյակի ուսման վարձի կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց անվճար համակարգում չընդգրկված ԳՊՀ յոթ ուսանողի:
Կրթաթոշակի հավաստագրերը ուսանողներին հանձնեց «Հովանի» կրթական հիմնադրամի տնօրեն Արմեն Ալիխանյանը՝ հորդորելով ուսանողներին շարունակ ինքնակրթվել, մնալ և աշխատել համայնքում: «Ծրագրով շեշտը դրել ենք մարզերի վրա, քանի որ հնարավորությունները մարզերում ավելի քիչ են և այս ծրագրով ոչ միայն սոցիալական խնդիր է լուծվում, այլև ուսանողը տեսնում է, որ ինքն իր կրթությամբ, գիտելիքով, աշխատասիրությամբ կարող է ինքնուրույնաբար որոշակի խնդիրներ լուծել»,- ընդգծեց Ա. Ալիխանյանը:
Ուսանողները երախտագիտության խոսք հղեցին հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նման հնարավորություն ընձեռելու և ուսանողին աջակցելու համար:
—————————————-
«Հովանի» կրթական հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել և խրախուսել կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, ազգային, հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը։