ՀՅՈՒՐ ԷԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

Ապրիլի 30-ին Գորիսի պետական համալսարանը կրկին հյուրընկալել էր դպրոցականներին: «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում համալսարան էին այցելել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի ուղեկցությամբ։
ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը աշակերտներին ներկայացրեց համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնագիտական կրթական ծրագրերն ու դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև կրթական այն հնարավորությունները, որոնք ընձեռում է բուհը իր ուսանողներին՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալուն։
Այնուհետև նույն բաժնի մասնագետ Անուշիկ Սահակյանը իրականացրեց մասնագիտական կողմնորոշման հետաքրքիր խաղ, որի ընթացքում աշակերտները մտովի տեղափոխվեցին իրենց պատկերացրած ապագան՝ շարունակելով «Եթե ես լինեմ…» միտքը: Նրանք ներկայացրին իրենց մասնագիտական ձգտումները՝ նշելով, թե որ մասնագիտությամբ են իրենց տեսնում ապագայում, ինչպիսի մասնագետ կցանկանային դառնալ և ինչու են այդ մասնագիտությունը նախընտրում: Ծանոթանալով նրանց նախընտրած մասնագիտություններին՝ մասնագիտական կողմնորոշման գործնական աշխատանքների շրջանակում մասնագետը կիրառեց հարցաթերթ՝ պարզելու աշակերտների ուժեղ կողմերը։ Հարցաթերթը հնարավորություն տվեց համադրել աշակերտների ցանկություններն իրենց կարողությունների հետ: Արդյունքների հիման վրա մասնագետը ներկայացրեց այն մասնագիտությունները, որոնք առավել համապատասխանում էին նրանց անհատական հատկանիշներին, նախասիրություններին ու կարողություններին։
Այցը աշակերտներին հնարավորություն տվեց ավելի մոտիկից ծանոթանալու բուհական կյանքին ու մտածելու ապագա մասնագիտության ընտրության կարևորության մասին։
Նման ձևաչափով հանդիպումներն ամրապնդում են դպրոց-համալսարան կապը և նպաստում աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։