ՀՅՈՒՐ ԷԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

Այսօր  Գորիսի պետական համալսարանը հյուրընկալել էր դպրոցականներին: «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում համալսարան էին այցելել Ույծի միջնակարգ դպրոցի 8-րդ, 9-րդ, 10-րդ  դասարանների աշակերտները՝ Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (ԴԱԿ) Նարինե Միրզոյանի և  հոգեբան Սուսաննա Ղազարյանի ուղեկցությամբ:

ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչի ժ/պ Անուշիկ Սահակյանը աշակերտներին ներկայացրեց համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնագիտական կրթական ծրագրերն ու դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև կրթական այն հնարավորությունները, որոնք ընձեռում է բուհը իր ուսանողներին՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալուն։

Աշակերտները ներկայացրին իրենց մասնագիտական ձգտումները՝ նշելով, թե որ մասնագիտությամբ են իրենց տեսնում ապագայում, ինչպիսի մասնագետ կցանկանային դառնալ և ինչու են այդ մասնագիտությունը նախընտրում: Ծանոթանալով նրանց նախընտրած մասնագիտություններին՝ մասնագիտական կողմնորոշման գործնական աշխատանքների շրջանակում Ա. Սահակյանը կիրառեց Հ. Գարդների առաջատար ինտելեկտի թեստը՝ պարզելու աշակերտների ուժեղ կողմերը։ Թեստը հնարավորություն տվեց համադրել աշակերտների ցանկություններն իրենց կարողությունների հետ: Արդյունքների հիման վրա Ա. Սահակյանը ներկայացրեց այն մասնագիտությունները, որոնք առավել համապատասխանում էին նրանց անհատական հատկանիշներին, նախասիրություններին ու կարողություններին։

Այցը աշակերտներին հնարավորություն տվեց ավելի մոտիկից ծանոթանալու բուհական կյանքին ու մտածելու ապագա մասնագիտության ընտրության կարևորության մասին։

Նման ձևաչափով հանդիպումներն ամրապնդում են դպրոց-համալսարան կապը և նպաստում աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։

Facebook Comments