ՀՅՈՒՐ ԷԻՆ ԳՈՐԻՍԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Այսօր բուհ-քոլեջ համագործակցության շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հյուրընկալել է Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին:

Ուսանողներին ընդունել են ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը:

Հանդիպման ընթացքում ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ներկայացրել է ԳՊՀ-ում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական կրթական ծրագրերը, դրանց առանձնահատկություններն ու ուղղությունները, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք համալսարանն առաջարկում է մասնագիտական պրակտիկաների, միջազգային կրթական համագործակցությունների (Erasmus+), կրթաթոշակների և զեղչերի միջոցով: Անդրադառնալով աշխատաշուկայի պահանջներին՝ ռեկտորը կարևորել է մասնագիտական կրթությունը շարունակելու և որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ ԳՊՀ-ն ուսանողներին տալիս է անհրաժեշտ կրթական հնարավորություններ՝ մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մրցունակ մասնագետներ դառնալու համար։

Ուսանողներին ներկայացվել են նաև քոլեջից բուհ ուսումը շարունակելու կարգն ու պայմանները, մասնագիտությունների համապատասխանության և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասները։ Քննարկվել են բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար նախատեսված արտոնությունները՝ համապատասխան մասնագիտությամբ ուսումը շարունակելու, ինչպես նաև մանկավարժական մասնագիտություններով բուհ ընդունվելու հնարավորությունները, որոնցից կարող են օգտվել նաև ոչ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները:

Հանդիպման շրջանակում քոլեջի ուսանողները ծանոթացել են նաև ԳՊՀ-ում բացված «Օրբելիներ․ տոհմ և ժառանգություն» ժամանակավոր պաստառային ցուցադրությանը։ Ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը ուսանողներին ներկայացրել է Օրբելյանների տոհմի պատմությունը, անդրադարձել տոհմի նշանավոր ներկայացուցիչների կյանքին ու գործունեությանը:

Հանդիպման ավարտին Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի ուսումնակազմակերպական աշխատանքների, լրատվության և արտաքին կապերի բաժնի մասնագետ Աննա Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Գորիսի պետական համալսարանին ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ քոլեջ-բուհ համագործակցությունը կլինի շարունակական:

Facebook Comments