ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին:
Հյուրերին ընդունեցին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը, նույն ամբիոնի դասախոս Նաիրա Մեժլումյանը, որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ Արմինե Ջանունցը:
Ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել դեսպանին Գորիսի պետական համալսարանի հարկի տակ։ Նա ընդգծեց, որ բուհը բարձր է գնահատում հայ-ֆրանսիական համագործակցությունը, կարևորում Գորիս–Վիեն քույր քաղաքների ձևավորված հարաբերությունները: Ռեկտորը շեշտեց, որ համալսարանը բաց է համագործակցությունների համար և պատրաստ է քննարկել յուրաքանչյուր գաղափար, որը կնպաստի բուհի հեղինակության բարձրացմանը, կրթության որակի ապահովմանը և միջազգային կապերի ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, բուհում գործող մասնագիտական կրթական ծրագրերի, ֆակուլտետների, ոչ ֆորմալ դասընթացների, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի, համալսարանների հետ համագործակցությունների, փորձի փոխանակման կարևորության մասին:
Նշվեց նաև, որ Օտար լեզուների ամբիոնի ֆրանսերենի դասախոս Լ. Օհանյանը Հայաստանում և Բորդոյում մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ իրականացված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստմանը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում:
Այժմ նա նույնպիսի վերապատրաստումներ է իրականացնում Սյունիքի մարզի և Հայաստանի այլ մարզերի ֆրանսերենի ուսուցիչների համար։
Ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներկայացուցիչներն առանձնացրին համատեղ նախաձեռնությունների իրականացման, փոխանակման ծրագրերի հեռանկարներն ու հավանականությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագրին։ Նշվեց, որ ծրագրի լրամշակված տարբերակում, գործընկերների համաձայնությամբ և Դոմինիկ Վեյսի առաջարկով, ներառվել է նաև ֆրանսերենը։ Այս քայլով համալսարանը նպատակ ունի աջակցել տարածաշրջանի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խթանմանն ու զարգացմանը և նպաստել որակյալ ուսուցիչների պատրաստմանը։
Այցի շրջանակում դեսպանը հանդիպեց նաև ուսանողների հետ։ Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները հնարավորությւոն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու դեսպանին: Քննարկվեցին Ֆրանսիայում կրթություն ստանալու հնարավորությունները, կրթաթոշակային ծրագրերը, կրթաթոշակների տրամադրման պայմանները, կամավորության նախաձեռնությունները:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց հայ-ֆրանսիական բարեկամության նշանակությունը, ինչպես նաև կրթագիտական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:














