ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 5-6-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ԳՊՀ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձին նվիրված ուսանողական հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին ԳՊՀ-ի և ՀՀ այլ բուհերի, որոնց թվում՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի և Վանաձորի պետական համալսարանի շուրջ 60 ուսանողներ:
Գիտաժողովը մեկնարկեց լիագումար նիստով, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ նախ ողջունելով համալսարանականներին բուհի կեսդարյա հոբելյանի առթիվ, որ նշանավորվում է նոր ու նշանակալից ձեռնարկով՝ հանրապետական գիտաժողովի շրջանակում հյուրընկալելով ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին, նրանց ղեկավարներին, ՈՒԳԸ-ների պատասխանատուներին, ապա համառոտ ներկայացրեց համալսարանի անցած ուղին, գիտակրթական ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները: Ռեկտորը կարևորեց նաև հանրապետական ուսանողական գիտաժողովի՝ որպես այդպիսին առաջինը լինելու հանգամանքը, որ մեծապես կակտիվացնի ԳՊՀ-ի և ՀՀ այլ բուհերի ուսանողական գիտական համագործակցությունը՝ նոր ծրագերի կյանքի կոչման հեռանկարով:
Ողջույնի խոսք ասաց ԳՊՀ-ի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ուսանողներին, նրանց ղեկավարներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել՝ ուսանողների գիտական հետաքրքրությունները ձևավորելու, գիտահետազոտական հակումները զարգացնելու գործում, և նրանց շնորհիվ շատերն արդեն գիտության մեջ լուրջ նախաքայլեր են անում: Նա ներկայացրեց նաև օրակարգը և հաջող ընթացք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի մագիստրատուրայի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նոննա Ալավերդյանը և ԳՊՀ-ի ԲՄ ֆակուլտետի «Մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արտեմ Բալասայանը: Ն.Ալավերդյանի զեկուցումն ուշագրավ էր այն առումով, որ ամփոփ պատկերացում էր տալիս Գորիսի փառապանծ պատմության, այդ պատմության մի կարևոր անկյունադարձի՝ Գորիսի պետհամալսարանի հիմնադրման կենսահանգամանքների, զարգացման ու կայացման ընթացքի մասին: Ուսանողներին մեծ ոգևորություն պատճառեց Արտեմ Բալասանյանը՝ խոսելով ուսանողական բացառիկ մի նախաձեռնության՝ Գորիսում եռաչափ տպիչների արտադրության մասին:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին յոթ բաժանմունքներում` մանկավարժության, հոգեբանության և փիլիսոփայության, լեզվաբանության, գրականության, պատմության և իրավագիտության, կենսաբանության և քիմիայի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և կառավարման: Նիստերն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով, ելույթներով:
Գիտաժողովի առաջին բովանդակալից օրվա ավարտին հյուրերը շրջայց կատարեցին Գորիսում, ծանոթացան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին, այցելեցին գորիսեցիների համար սրբավայր դարձած Ակսել Բակունցի տուն-թանգարան:
Հոկտեմբերի 6-ին ամփոփվեցին ուսանողական հանրապետական գիտաժողովի արդյունքները: Բաժանմունքների ղեկավարները ամփոփիչ տվյալներ ներկայացրին մասնախմբային նիստերի թեմատիկ քննարկումների մասին և, ընդհանուր առմամբ, գիտաժողովը համարեցին կայացած:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը, ամփոփելով երկօրյա գիտական նստաշրջանը, ողջերթի խոսք հղեց ուսանողներին և նրանց հանձնեց հավաստագրեր:
Ուսանողների համար նախատեսված էր նաև պատմաճանաչողական այց դեպի Խնձորեսկ, ինչն ամբողջացրեց օրվա գունանկարը:

hum-1 hum-5 hum-6 hum-7 hum-8 hum-9 hum-10 hum-11 hum-12 hum-13 hum-14 hum-15 hum-16 hum-20 hum-21 hum-22 hum-23     hum-24  hug-4     hug-3  hum-19                                                      nor ktrats

eqskurs-1                                                      eqskurs-2

Facebook Comments