ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին, «Ֆրանսերենի զարգացումը Հայաստանում. վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի համակարգող Սյուզան Թորոսյանին, որոնք ներկայացրին իրենց գաղափարները և համալսարանի հետ հնարավոր համագործակցության շրջանակները։

Հանդիպման ընթացքում խոսեցին  տարածաշրջանում պահանջարկ ունեցող մասնագիտությունների,  Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների,  30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրի, համալսարանների հետ համագործակցությունների, փորձի փոխանակման կարևորության, ուսանողների և դասախոսների շարժունության մասին:

Հատուկ ընդգծվեց Սյունիքի մարզում ֆրանկոֆոնիայի զարգացման անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով տարածաշրջանում ֆրանսերեն լեզվի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ ներկայացվեց արդեն իսկ մեկնարկած կրթական ծրագիրը` «Ֆրանսերենի զարգացումը Հայաստանում. վերապատրաստում, արդիականացում և խթանում», որն ուղղված է ֆրանսերենի մանկավարժների պատրաստմանը և նպաստելու է Հայաստանում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանն ու լեզվի տարածմանը։

Կարևորելով ԳՊՀ-ի համագործակցության պատրաստակամությունը և միջազգային համագործակցության դերը բարձրագույն կրթության զարգացման գործընթացում՝ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու կրթական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները, որոնք կնպաստեն բուհի կրթական մակարդակի բարձրացմանը:

Հանդիպման ավարտին ներկայացուցիչները ԳՊՀ-ին նվիրեցին 49 կտոր ֆրանկոֆոն գրքեր՝ խթանելով ֆրանսերեն լեզվի տարածումը և ֆրանկոֆոն մշակույթի զարգացումը:

Facebook Comments