ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի հյուպատոս Պետեր Տարչային և դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրա Չիզմադիային։

Հյուրերին ընդունեցին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, ռեկտորի խորհրդական Արկադի Հովհաննիսյանը:

Ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, նշեց, որ համալսարանը Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող կրթօջախ է և կարևոր դեր ունի տարածաշրջանի զարգացման ու մրցունակ մասնագետների պատրաստման գործում։

Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, գործունեության, բուհում գործող մասնագիտական կրթական ծրագրերի, ֆակուլտետների, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի, համալսարանների հետ համագործակցությունների, փորձի փոխանակման կարևորության մասին:

Անդրադառնալով միջազգայնացման գործընթացին՝ ռեկտորը նշեց, որ միջազգային հարթակներում բուհի ներգրավվածության և ԵՄ ֆինանսավորման շնորհիվ 2012 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել են ՏԵՄՊՈՒՍԻ և ԷՐԱԶՄՈՒՍԻ մի շարք ծրագրեր։ Դրանց արդյունքում ընդլայնվել են միջազգային դրամաշնորհային ծրագրերին դիմելու հնարավորությունները, գործընկեր համալսարանների հետ լավագույն փորձի փոխանակումները, մշակվել և իրականացվել են նոր կրթական ծրագրեր, դասընթացներ ու մոդուլներ, ինչպես նաև գործարկվել են նոր լաբորատորիաներ։
Ռեկտորը շեշտեց, որ համալսարանը բաց է համագործակցությունների համար և պատրաստ է քննարկել յուրաքանչյուր գաղափար, որը կնպաստի բուհի հեղինակության բարձրացմանը, կրթության որակի ապահովմանը և միջազգային կապերի ամրապնդմանը։

Ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներկայացուցիչներն առանձնացրին համատեղ նախաձեռնությունների իրականացման, փոխանակման ծրագրերի հեռանկարներն ու հավանականությունները։

Facebook Comments