ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ` 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց  ԳՊՀ գիտական խորհրդի՝ 2025-2026 ուստարվա առաջին նիստը, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նիստի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2026 ուստարվա ուսումնական բեռնվածքներում պրակտիկաների ժամային նորմերի հաշվարկմանը, ուսումնական պլանների հաստատմանը, կանոնադրական հարցերին, ԳՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում գիտխորհուրդը հաստատեց ԳՊՀ 2025-2026 ուստարվա ուսումնական բեռնվածքներում պրակտիկաների ժամային նորմերում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին գիտական խորհրդի կողմից։

Երկրորդ հարցի շրջանակում ՈՒԳԳԿ բաժնի վարիչ Գայանե Շաբունցը ներկայացրեց ԳՊՀ մի շարք կրթական ծրագրերի ուսումնական պլաններում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին գիտական խորհրդի կողմից։

Օրակարգի երրորդ հարցով քննարկվեցին կանոնակարգային հարցեր: Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ԳՊՀ ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստման չափորոշիչն ու օրինակելի ծրագիրը, ինչպես նաև Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգում առաջարկվող փոփոխությունները, լրացումները և նոր խմբագրությամբ հաստատելու հիմնավորումները: Քննարկումներից և դիտարկումներից հետո գիտական խորհուրդը հաստատեց ԳՊՀ ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստման չափորոշիչն ու օրինակելի ծրագիրը, ինչպես նաև մագիստրատուրայի ընդունելության կարգը՝ նոր խմբագրությամբ։

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակում ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը ներկայացրեց տեղեկություններ ԳՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Facebook Comments