ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
2020 թ. նոյեմբերի 26-ին կյանքից անժամանակ հեռացավ երախտաշատ գիտնական, Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ Աշոտ Նավասարդի Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը ծնվել է 1946 թ. հուլիսի 21-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Ավարտելով ծննդավայրի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի (ֆունկցիաների տեսություն) բաժին: 1970 թ.-ին ավարտելով համալսարանը՝ գործուղվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ամբիոն՝ իբրև ասիստենտ, այնուհետև նշանակվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի (հետագայում՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) Գորիսի մասնաճյուղի) մաթեմատիկայի ամբիոնի վարիչ (1979 – 1986 թթ., 1992 – 1998 թթ.), ապա՝ ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղի հիմնարար առարկաների դեպարտամենտի վարիչ (1999-2006 թթ.), իսկ 2006 – 2016 թթ.՝ Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, որտեղ գիտամանկավարժական գործունեություն է ծավալել մինչև կյանքի վերջին օրերը:
Ա. Մարտիրոսյանը կարողացավ հաջողությամբ զուգակցել գիտական ու դասախոսական աշխատանքները: 1973 – 1976 թթ. կրթությունը շարունակել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում: Կոմպլեքս տիրույթում ֆակտորիզացիաների տեսության գծով իր հետազոտությունների արդյունքներն ամփոփելով՝ 1977 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (ատենախոսության թեմա` «Решение некоторых нестационарных граничных задач теории упругости», Երևանի պետական համալսարան, Երևան, 1977 թ.), իսկ 1990 թ.-ին՝ դոկտորական ատենախոսություն (ատենախոսության թեմա` «Краевые задачи нестационарного движения анизотропных и изотропных упругих сред», ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ, Երևան, 1990 թ.): 1990 թ. ԵրՊԻ Գորիսի մասնաճյուղի գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում, իսկ 14.07.2007թ. ԳՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ պրոֆեսորի գիտական կոչում մեխանիկա մասնագիտությամբ:
Նա մեծ նվիրումով իր ողջ գիտակցական կյանքը կապեց հարազատ համալսարանին՝ զգալի ներդրում ունենալով «Մաթեմատիկա» մասնագիտության զարգացման և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Սկսած 1984 թ.-ից` համանախագահությամբ կազմակերպել է «Հոծ միջավայրի մեխանիկայի ակտուալ հիմնահարցերը» և «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» խորագրերով միջազգային գիտաժողովներ Գորիս քաղաքում: 1993 – 1998 թթ. ղեկավարել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմա: 2000 թ.-ից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ է:
Աշոտ Մարտիրոսյանը սիրով էր աշխատում շնորհալի ուսանողների հետ՝ նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելով դեպի մաթեմատիկան, ոգևորելով և ուղղորդելով դեպի գիտական գործունեություն: 2010 և 2015 թթ.-ին նրա ղեկավարությամբ պաշտպանել են գիտությունների երկու թեկնածուներ: Վերջին տարիներին նա իր աշակերտների հետ համատեղ կատարել է թվային և անալիտիկ զարգացումներով առաձգականության տեսության ոչ ստացիոնար խառը եզրային խնդիրների ուսումնասիրություններ՝ արդյունավետ կիրառելով ինտեգրալ ձևափոխությունների, Վիներ-Հոպֆի և այլ մեթոդներ: Մեխանիկայում նրա հիմնական ձեռքբերումը առաձգականության տեսության ոչ ստացիոնար խառը եզրային խնդիրներում թվային ֆակտորիզացիաների էֆեկտիվ մեթոդի կիրառումն է: Հետազոտությունների արդյունքները ներկայացրել է բազմաթիվ միջազգային, համամիութենական և հանրապետական գիտաժողովներում: Հեղինակ է ավելի քան 150 գիտական, գիտամեթոդական աշխատանքների և ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված մեկ բուհական դասագրքի (А.Н. Мартиросян, ‘’Математические исследования нестационарных линейных граничных задач для сплошных сред’’. Допущено Министерством науки и образования РА в качестве учебника для студентов физических и механико-математических специальностей высших учебных заведений, Ер., ‘’Зангак-97’’, 2007, 276 стр.): 2006 թ. ընդգրկվել է Միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) «Ականավոր 100 կրթական գործիչներ – 2006» անվանացանկում: Ակտիվ և արդյունավետ գիտական գործունեություն ծավալելու համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի, այդ թվում՝ պետական կառավարման լիազոր մարմնի կողմից վաստակագրի:
Մեծ գիտնականի, սիրելի դասախոսի թողած ավանդն անգնահատելի է, և նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
ԳՊՀ ռեկտորատ
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն