ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Այսօր Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ բուհ-դպրոց կապերի ամրապնդման շրջանակում տեղի ունեցավ մրցույթ՝ «Թումանյանական արահետներ» խորագրով:
Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Սյուզաննա Հայրապետյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ մեծ ուրախություն է նրանց ընդունել համալսարանի հարկի տակ: Դեկանն ուրախությամբ արձանագրեց, որ «Թումանյանական արահետները» մասնակիցներին հասցրել են Գորիսի պետական համալսարան և հորդորեց մշտապես որոնել համալսարան տանող նոր արահետներ՝ վստահեցնելով, որ դրանք բազմաթիվ են և բաց են բոլորի առջև։ Նրա խոսքով՝ ներկաները համախմբվել են՝ Թումանյանին լսելու, նրա գրական շունչը զգալու և նրա ստեղծագործ աշխարհը տեսնելու և վերագտնելու համար։ Նա հույս հայտնեց, որ մրցույթը կդառնա միավորող խաղ ու հանդիպում, կմոտեցնի բոլորին և կխրախուսի կրկին ու կրկին նոր արահետներ փնտրել համալսարան բերող։
Մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Առաջին փուլը կրում էր «Գուշակիր բաց թողնված բառը» խորագիրը․ էկրանին ցուցադրվում էին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից հատվածներ, որոնցում բաց էր թողնված մեկ բառ, և մասնակիցները պետք է վերհիշեին այն։ Երկրորդ փուլը երաժշտական էր․ հնչում էին Թումանյանի երկերի մոտիվներով ստեղծված երգեր, որոնք մասնակիցները պետք է ճանաչեին։ Երրորդ փուլում ներկայացվում էին Թումանյանի քառյակները՝ էմոջիների պատկերային լեզվով, և մասնակիցները փորձում էին բացահայտել դրանց բովանդակությունը՝ վերականգնելով բանաստեղծական խոսքը։
Խաղ-մրցույթին մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները, ինչպես նաև Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցների 10-րդ դասարանների աշակերտները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ներկայացնելու «իրենց» Թումանյանին՝ անդրադառնալով գրողի կյանքին, Վերնատան գործունեությանը, ստեղծագործությանը՝ նամակներին, հոդվածներին, քառյակներին:
Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Ներսիսյանը, ամփոփելով մրցույթը, շնորհավորեց բոլորին՝ ընդգծելով, որ այս հանդիպումը առավելապես մտերմության և Թումանյանին կրկին ըմբոշխնելու հնարավորություն էր, քան պարզապես մրցակցություն։ Նա շնորհակալություն հայտնեց թիմերին և նրանց ուսուցիչներին՝ ընդգծելով, որ այս մասնակցությունը թումանյանական արահետներով կատարված կարևոր ու հիշարժան ճամփորդություն էր։ Նրա խոսքով՝ գրականությունը հասարակ մարդու սեփականությունը դարձավ հենց Թումանյանի շնորհիվ, քանի որ մեծ բանաստեղծը խմել էր ժողովրդական ակունքներից և ինքն էլ պատգամել էր, որ հայոց բանաստեղծը պետք է խմի ժողովրդական ստեղծագործության ակունքներից։ Նա հորդորեց չհոգնել կրկին ու դարձյալ նրան անդրադառնալ, վերադառնալ նրա աղբյուրին ու կրկին ըմպել նրա ակնաղբյուրից: Նա նաև ընդգծեց, որ մեր պատանեկությունն ու երիտասարդությունը նրանով է անցնում, իսկ կյանքի մայրամուտին նրա քառյակները լինելու են մեր ուղեկիցը։
Մրցույթում հաղթող ճանաչվեց և պատվոգիր ստացավ ՀՄ ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագիրը ներկայացնող «Մերոնք» թիմը: Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը ներկայացնող «Թմկաբերդ» թիմը ստացավ պատվոգիր՝ խաղին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Օրվա խորհրդին համահունչ՝ բոլոր յոթ թիմերը՝ «Մերոնք», «Թմկաբերդ», «Ախթամար», «Վերնատուն», «Դսեղ», «Անուշ», «Փարվանա», գրքեր նվեր ստացան:
Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ։













