ԷՐԱԶՄՈՒՍ+ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում ստեղծված Փափուկ հմտությունների լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցեցին պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերի ներկայացուցիչները, ուսանողները:
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ ճկուն հմտությունների զարգացումը ուսանողներին հնարավորություն է տալիս լիարժեք կրթություն ստանալու՝ միաժամանակ օգնելով նրանց հարմարվել անընդհատ փոփոխվող միջավայրին և աշխատաշուկայում մնալ մրցունակ: Նրա դիտարկմամբ՝ աշխատաշուկան շարունակաբար փոփոխվում է, ինչը ոչ միայն ստեղծում է զարգացման հնարավորություններ, այլև առաջադրում է նոր մարտահրավերներ` պահանջելով նոր հմտություններ:
ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը խոսեց ծրագրի նպատակների, խնդիրների, իրականացված և իրականացվելիք գործողությունների մասին: Նա կարևորեց լաբորատորիայի ստեղծումը՝ շեշտելով, որ այն մեծ ներդրում կունենա ուսանողների կրթության և փափուկ հմտությունների զարգացման գործում, իսկ ծրագրի շրջանակում մշակված մոդուլները նրանց կդարձնեն ավելի մրցակցային ժամանակակից աշխատաշուկայում:
Միջոցառումն ամփոփվեց հետաքրքիր դրվագով. ԳՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Ասատրյանը, ով 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակն ուսանել է Սևիլիայի համալսարանում, ներկաների հետ կիսվեց իր անցած ճանապարհով: Նա խոսեց Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունների, ունեցած դժվարությունների մասին, որոնք զգալի ազդեցություն են ունեցել իր աշխարհայացքի ձևավորման և մասնագիտական աճի վրա: