ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարտի 28-ին Գորիսի պետական համալսարանը կրկին հյուրընկալել էր դպրոցականներին: Նախագծային աշխատանքների շրջանակներում այս անգամ համալսարան էին այցելել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները՝ նախագծի ղեկավար Սիրուշ Բաղդասարյանի հետ:

ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արտուր Խոջաբաղյանը աշակերտներին ծանոթացրեց եռաչափ տպիչի հնարավորություններին, գործառույթներին, առանձնահատկություններին: Նա բացատրեց մոդելավորման և տպագրության գործընթացը՝ մեկնաբանելով դրա կիրառական նշանակությունը ժամանակակից տեխնոլոգիաներում: Աշակերտներն իրենց նախագծի թեմայի շրջանակում նշեցին համաչափության տարբեր օրինակներ: Մոդելավորելու համար ընտրեցին ձյան փաթիլի մոդելը, որն էլ եռաչափ տպիչի օգնությամբ տպեցին։ Եռաչափ տպիչի աշխատանքին ծանոթանալուց հետո «Thingiverse» հարթակի միջոցով ուսումնասիրեցին մոդելավորված և փորձարկված պատրաստի մոդելներ:

Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ Անուշիկ Սահակյանը, որը մարտին  մասնակցել է «Մասնագիտական կողմնորոշման կենտրոն»-ի կողմից իրականացված մեկշաբաթյա մենթորների պատրաստման դասընթացներին, աշակերտների համար կազմակերպեց հետաքրքիր խաղ-վարժանքներ, հարցաթերթի միջոցով իրականացրեց մասնագիտական կողմնորոշման գործնական աշխատանքներ: Հարցաթերթի օգնությամբ պարզեցին աշակերտների ուժեղ կողմերը և հիմնվելով աշակերտների վեր հանած ուժեղ կողմերի վրա՝ մասնագետը ներկայացրեց այն մասնագիտությունները, որոնք առավել համապատասխանում են յուրաքանչյուր աշակերտի։

Աշակերտներն ու նրանց ուղեկցող ուսուցիչը իրենց գոհունակությունը հայտնեցին ՝ նշելով, որ նման ճանաչողական այցերը ոչ միայն արդյունավետ են, այլև նպաստում են տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը և բուհ-դպրոց համագործակցության ամրապնդմանը:

Facebook Comments