ԴԱՏԱԽԱՂ ԳՊՀ-ՈՒՄ
Հունիսի 11-ին Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս Արկադի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ առցանց ձևաչափով անցկացվել է դատախաղ, որի նպատակն էր տեսական գիտելիքների ամրապնդումն ու դրանց գործնական կիրառման հմտությունների զարգացումը։
Դատախաղին մասնակցել են մագիստրոսի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները, որոնք ստանձնել էին դատավորի, դատական նիստի քարտուղարի, քննիչների, պաշտպանների և մեղադրյալի դերերը՝ հնարավորինս իրական պայմաններում վերարտադրելով քրեական դատավարության ընթացքը։
Դատախաղի ընթացքում քննության է առնվել մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ մեղադրյալ Գ. Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև տեսակցությունների և հաղորդակցության իրավունքը սահմանափակելու վերաբերյալ։ Պաշտպանության կողմը ներկայացրել է առարկություններ՝ առաջարկելով կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։
Կողմերի դիրքորոշումները լսելուց և ներկայացված հիմնավորումները գնահատելուց հետո դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միաժամանակ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մեղադրյալ Գ. Հ.-ի նկատմամբ ընտրելով տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով և այն համակցելով 1 000 000 ՀՀ դրամ գրավով։
Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ սահմանվել են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ առանց համապատասխան թույլտվության բնակության վայրից չհեռանալը, վարույթի մասնակիցների հետ հաղորդակցությունից զերծ մնալը և բնակության վայրում այլ անձանց չընդունելը՝ բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։
Դատախաղը ուսանողներին հնարավորություն տվեց գործնականում կիրառելու ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, խորացնելու դատավարական գործընթացների վերաբերյալ պատկերացումները, ինչպես նաև զարգացնելու մասնագիտական հաղորդակցման, իրավական վերլուծության և փաստարկման հմտությունները։









