ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ
Այսօր «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության հետ, իրականացրեց դասընթաց՝ «Արվեստը որպես հետցեղասպանական հիշողության և վերաիմաստավորման դաշտ․ Արշակ Ֆեթվաճյանի ստեղծագործական ուղին» թեմայով։
Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ Մանե Արջունցը՝ ընդգծելով դասընթացի կարևորությունը մշակութային ժառանգության ճանաչման, հիշողության քաղաքականության ուսումնասիրության գործում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա ուսանողներին տրամադրեց հարցաթերթեր՝ ազգային ինքնության և Հայոց ցեղասպանության սոցիալական հիշողության հիմնախնդիրների վերաբերյալ։ Լ. Մարտիրոսյանը նշեց, որ հավաքագրված պատասխանները հնարավորություն կընձեռեն մշակելու Հայոց ցեղասպանության հիշողության ռազմավարությունը և հասկանալու, թե որքանով են մեր երիտասարդները կրում, պահպանում և փոխանցում ցեղասպանության հիշողությունը։
Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան Ֆեթվաճյանի արվեստին, նրա թողած գրական ժառանգությանը, նրա դերին որպես Հայոց ցեղասպանության ականատեսի և մտավորականի, որը ոչ միայն գրի է առել իր ժամանակի ողբերգությունը, այլև աջակցել է ցեղասպանությունից փրկված որբերին ու կարիքավորներին։ Անդրադարձ եղավ նաև Վարպետի ամերիկյան շրջանի ստեղծագործական ձեռքբերումներին և հայրենիք վերադառնալու փորձերին։
Դասընթացը վարեց Հայաստանի ազգային պատկերասրահի արխիվավար, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Հռիփսիմե Դայանը:











