ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց Աշոտ Սիմոնյանի «Սյունիքի 1917–1921 թթ. գոյապայքարի հուշամատյան» գրքի քննարկումը:

Գրքի քննարկմանը ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, համայնքապետարանի աշխատակիցներ և աշխատությամբ հետաքրքված անձինք:

Բացման խոսքով հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ նշելով, որ համալսարանի համար մեծ պատիվ է հյուրընկալել պատվարժան գիտնականին և նրա հեղինակած կարևոր աշխատության քննարկումը կազմակերպել բուհում։ Ռեկտորը կարևորեց գրքի բովանդակությունը համալսարանական և լայն հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև գրքի ստեղծման նախադրյալների, արդիականության և այնտեղ քննարկված կարևոր հարցերի շուրջ խոսելու հնարավորությունը։Նա շնորհակալություն հայտնեց Աշոտ Սիմոնյանին՝ մաղթելով երկարամյա ստեղծագործական և գիտական գործունեություն՝ վստահություն հայտնելով, որ հեղինակի գրքերը, գիտական աշխատություններն ու հոդվածները օգտակար կլինեն ակադեմիական շրջանակի, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար։

Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանն իր խոսքում նշեց, որ մեծ մտավորականի հետ հանդիպումը ոչ միայն ուրախ առիթ է, այլև պարտավորեցնող ու հիշարժան պահ։ Նա ընդգծեց, որ Աշոտ Սիմոնյանի աշխատությունները հիմնականում վերաբերում են պատմական Սյունիքի ամենակնճռոտ ժամանակաշրջանի խնդիրներին, որոնք ներկայացվում են փաստական հարուստ նյութի հիման վրա։ Նրա խոսքով՝ միայն այն հանգամանքը, որ գիրքը վերաբերում է Սյունիքին, մեծ համարձակություն է, քանի որ հեղինակը ստվերից դուրս է բերել այդ ժամանակաշրջանի պատմությունը։ Լուսինե Ներսիսյանը գրքին վերագրեց հանրագիտարանային արժեք՝ ընդգծելով, որ պատմությունը ներկա դարձնելու գործում կան իսկական երախտավորներ, և դա չափազանց ուրախալի և գնահատելի է։

Գրքի հեղինակ Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց գրքի հրատարակման աջակիցներին՝ ընդգծելով, որ Զանգեզուրի թեման իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Սյունիքը պատմության տարբեր ժամանակաշրջաններում իր ուսերին է կրել հայոց պետականության պահպանման ծանր բեռը: Հեղինակը ներկայացրեց նաև աշխատության առանձնահատկություններն ու նորույթը՝ նշելով, որ գիրքը դիտարկել է հայկականության տեսանկյունից։

Քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրին գրքից ընտրված հատվածներ՝ փորձելով ոչ միայն փոխանցել աշխատության գաղափարական և պատմական շերտերը, այլև ներկայացնել սեփական դիտարկումներն ու գնահատականները։

Գրքի արժեքի և պատմագիտական նշանակության մասին անդրադարձ կատարեցին նաև քննարկման մասնակիցները։ Գրքի արժեքի և արդիականության մասին խոսեց պատմական գիտությունների թեկնածու, իրավագիտության դոցենտ Մալիկ Թելունցը՝ ընդգծելով, որ աշխատությունը կարևոր է ոչ միայն տեսական, այլև գործնական առումով՝ հատկապես մեր օրերի տագնապալի իրավիճակների համատեքստում։

Աշխատության գիտական գնահատականը ներկայացրեց Մհեր Քումունցը՝ առանձնացնելով աշխատության կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները։ Նրա խոսքով՝ Աշոտ Սիմոնյանի «հուշամատյանը» պարզապես պատմական հետազոտություն չէ, այլ մոնումենտալ մարտիրոսագրություն, որը մոռացության գիրկն ընկած հարյուրավոր հայ հերոսների անուններ վերադարձնում է պատմության հիշողությանը: Նա հույս հայտնեց, որ գիրքն իր արժանի տեղը կզբաղեցնի ակադեմիական գիտության տարեգրության մեջ։

Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև ԳՊՀ-ի դասախոս Արտուր Խոջաբաղյանը՝ կարևորելով Սյունիքի գոյապայքարի վճռորոշ դերակատարությունը և ընդգծելով, որ գիրքը կարևոր է հասկանալու համար այդ ժամանակաշրջանի պատմական իրողությունները։

Գորիսի համայնքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Արմինե Հովակիմյանն իր խոսքում աշխատությունը բնութագրեց որպես հայրենանվեր աշխատանք՝ նշելով, որ այն մեծ պատասխանատվություն է պահանջել, քանի որ հեղինակը կարողացել է հավաքագրել իրական փաստերը՝ չաղավաղելով պատմությունը։

Միջոցառման ավարտին ռեկտոր Տիգրան Վանդունցը շնորհակալություն հայտնեց Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնին, դասախոսներին, ուսանողներին և բոլոր մասնակիցներին՝ կարևորելով նման միջոցառումների շարունակականությունը համալսարանական կյանքում։

Facebook Comments