ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ,

Ամենաջերմ և ամենաբարի մաղթանքներով շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Ուսանողների միջազգային օրը առանձնահատուկ առիթ է՝ վերաիմաստավորելու և վերարժևորելու ուսանողի դերը մեր հասարակության մեջ և կրթական համակարգում։ Ուսանող լինելը մեծ պատիվ է, բայց միաժամանակ մեծ պատասխանատվություն: Կրթության հանդեպ պահանջկոտությունը, գիտելիքների անընդհատ հարստացումը, մասնագիտական հմտությունների մշտական կատարելագործումը ձեր ուսանողական կյանքի կարևոր տարրերն են, և դրանք պետք է միշտ լինեն ձեր առաջնային նպատակները։

Այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ գիտելիքը որոշում է գրեթե ամեն բան։ Աշխարհը շատ արագ է փոփոխվում և Ժամանակի փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է դուրս գալ կաղապարներից, նոր մտքեր ու հնարներ գտնել, ընդունել մարտահրավերներն ու դիմագրավել դժվարություններին։ Ձեր խնդիրն է ոչ միայն համընթաց քայլել ժամանակի մարտահրավերներին, այլև դառնալ դրանց հաղթահարման ուղեցույցը։

Գորիսի պետական համալսարանը շարունակում է աշխատել ձեր կրթական պայմանները բարելավելու ուղղությամբ՝ ձևավորելով միջավայր, որտեղ դուք կարող եք անընդհատ զարգանալ, բացահայտել նոր հեռանկարներ ու ամրապնդել ձեր մասնագիտական հմտությունները։

Մենք ունենք մեծ ներուժ՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն, և այդ ներուժը մեր միասնական աշխատանքն է: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կարող ենք ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող և գիտության, նորարարության զարգացման համար ամուր հիմք ծառայող միջավայր, որը կնպաստի ոչ միայն մեր բուհի, այլև տարածաշրջանի զարգացմանը:

Եղե՛ք նախաձեռնող, համարձակ, հաստատակամ, ձգտեք գերազանցության, օգտվե՛ք ձեզ տրված բոլոր հնարավորություններից և հիշե՛ք, որ յուրաքանչյուր փոքր քայլ մեծ ճանապարհի սկիզբն է:

 

Facebook Comments