ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսանողներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ուսանողական տարիները կյանքի ամենավճռորոշ փուլերից են․ դրանք գիտելիքի ձեռքբերման, նոր փորձառությունների, ինքնաճանաչման և մասնագիտական զարգացման ժամանակաշրջան են։
Գորիսի պետական համալսարանը հետևողականորեն բարելավում է իր կրթական միջավայրը՝ նպատակ ունենալով ապահովել բարձրորակ կրթություն, խթանել նորարարական մտածողությունն ու հետազոտական նախաձեռնությունները։ Մեր համալսարանը ձգտում է լինել այն հարթակը, որտեղ ձևավորվում է ժամանակի պահանջներին համապատասխան կրթված, նախաձեռնող և պատասխանատու անհատը։
Սիրելի՛ ուսանողներ, գիտելիքի ճանապարհը երբեմն դժվար է, բայց հենց այդ դժվարություններն ու փորձություններն են ամրապնդում անկոտրում կամքը։ Կարևոր է պահպանել մտքի ազատությունը, սովորելու անսպառ ցանկությունը և սեփական գաղափարների նկատմամբ հավատը։ Վստահ եղե՛ք՝ հաջողությունը ծնվում է ամենօրյա հետևողական ու տքնաջան աշխատանքից։ Մի՛ թողեք, որ առօրյայի վազքը խլի ձեր երազանքները, եղե՛ք ձեր պայծառ ապագայի ձևավորողները, հավատարիմ մնացեք ձեր նպատակներին, հավատացե՛ք ձեր ուժերին ու շարունակեք որոնել, ստեղծել, հարցնել… Եվ հիշե՛ք՝ պետությունն ուժեղ է մտածող, կրթությունը արժևորող ու մարտահրավերներին պատրաստ նոր սերնդով։ Մեր երկրի ապագան մեծապես կախված է ձեր նպատակասլացությունից, երազանքներից և դրանք իրականություն դարձնելու հաստատակամությունից։
