ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԴԱՏԱԽԱՂԵՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի միջազգային իրավունքի միությունը (ՀՄԻՄ) և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը (RWI Armenia) «Միջազգային իրավական կրթության զարգացումը դատախաղ-մրցույթների միջոցով» ծրագրի շրջանակում մարտի 28-30-ը Ծաղկաձորում իրականացրել են «Դատախաղերի հմտություններ» թեմայով դասընթաց ու աշխատաժողով։

Ծրագրի նպատակն է Հայաստանում միջազգային իրավունքով հետաքրքրվող երիտասարդների կարողությունների հզորացումը, ուսանողներին միջազգային դատախաղ մրցույթներին մասնակցելու համար համապատասխան գիտելիքներով ու հմտություններով զինելը և դատախաղերին հայաստանյան թիմերի ակտիվ մասնակցությունը խթանելը։

ԳՊՀ-ից դասընթացին և աշխատաժողովին մասնակցել են «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մեժլումյանը, նույն մասնագիտության մագիստրատուրա առաջին կուրսի ուսանողուհի Աշխեն Սարգսյանը և ԳՊՀ դասախոս Արկադի Հովհաննիսյանը: Դասընթացի ընթացքում ուսանողները ձեռք են բերել արժեքավոր գիտելիքներ դատախաղերի տեսակների ու կանոնների, մասնակցության ընթացքում կիրառվող ռազմավարությունների, փաստարկման հմտությունների ու գրավոր դիրքորոշումների ներկայացման վերաբերյալ:  Ծրագրի վերջին օրը մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց հմտությունները փորձելու միջազգային և քրեական իրավունքների գործնական կիրառմանն առնչվող դատախաղի ընթացքում։ Համալսարանների ներկայացուցիչները աշխատաժողովի ընթացքում քննարկել են դատախաղերի մշակույթի զարգացմանն ուղղված խնդիրներն ու իրականացվող աշխատանքները։ Ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ամրապնդելու ծրագրի շրջանակում մասնակից համալսարանների հետ կապերը և աջակցելու համալսարանական թիմերին՝ ընթացիկ և առաջիկա դատախաղերին մասնակցություն ցուցաբերելու հարցում։

Facebook Comments