ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ՀԱՔԱԹՈՆ»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում օգոստոսի 26-29-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Հաքաթոն», որին ակտիվ մասնակցություն է ունեցել Գորիսի պետական համալսարանի «Սյուներ» ուսանողական թիմը: Թիմում ընդգրկված էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Վեներա Գրիգորյանը, 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անի Ջհանգիրյանը, Նանե Հակոբյանը և 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Հայրապետյանը:
«Հաքաթոն»-ի նպատակն էր ամրապնդել կապերը բուհերի և ուսանողների հետ, ուղղորդել նրանց տեխնոլոգիական ոլորտ, կատարելագործել գործնական հմտությունները, ստեղծել մրցակցային դաշտ և խրախուսել նորարարական մտքերն ու լուծումները:
Միջոցառման շրջանակում թիմերը ստացել են առաջադրանքներ երեք հիմնական թեմաների շուրջ՝ տարերային աղետներ կանխատեսող և կառավարող տեխնոլոգիաներ, պատկերների թվային մշակման տեխնոլոգիաներ և տեխնոլոգիական խելացի լուծումներ քաղաքաշինության մեջ: Ուսանողները ներկայացրել են իրենց տեխնոլոգիական գաղափարներն ու լուծումները՝ ուղղված ներկայացված խնդիրների հաղթահարմանը։
«Հաքաթոն»-ը համախմբել է Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների շուրջ 100 ուսանողի՝ ստեղծելով համագործակցային և մրցակցային միջավայր տեխնոլոգիական խնդիրների լուծման համար։







