ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը (AANSI) Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սեպտեմբերի 22-ից 26-ը իրականացրել է առաջին բուժօգնության ուսուցողական վարժանքներ, որոնք վարել են Ամերիկայից ժամանած փորձառու մասնագետները: Փրկարարական վարժանքներին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարարական բաժանմունքը։
Ուսուցողական վարժանքներին ԳՊՀ-ից մասնակցել են «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Նարե Անդրյանը, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ջհանգիրյանը, «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը, «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլադա Մկրտչյանը, «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Մհեր Աղասյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Միրզախանյանը:
Մասնակիցները ձեռք են բերել կարևոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ կապված արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության, արագ արձագանքման և փրկարարական գործողությունների կազմակերպման հետ։
Միջոցառման գլխավոր նպատակն էր բարձրացնել քաղաքացիական պատրաստվածության մակարդակը, ձևավորել արագ և համակարգված արձագանքման մշակույթ, ինչպես նաև խթանել համայնքային համախմբումը՝ արտակարգ իրավիճակներին դիմագրավելու և բնակչության անվտանգությունը ապահովելու գործում։
Առաջին բուժօգնության ուսուցողական վարժանքների ավարտին տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա է եղել ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը:





