ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Ս. թ. հունիսի 19-ից 21-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցակցության շրջանակներում անցկացվել է ամառային դպրոց՝ «Մտավոր սեփականություն և արհեստական բանականություն –քրեաիրավական հարցեր» թեմայով:
Միջոցառման նպատակն էր մտավոր սեփականության և արհեստական բանականության ոլորտում գիտելիքներ փոխանցել ուսանողներին՝ հաշվի առնելով հեղինակային իրավունքի՝ ինչպես քրեաիրավական, այնպես էլ քաղաքացիական հայեցակետերը։ Սա կնպաստի ժողովրդավարության խթանմանը և իրավունքի ու օրենքի գերակայության հետագա զարգացմանը՝որպես հայկական պետության կայունացնող գործոն:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները քննարկել են մտավոր սեփականության պաշտպանության իրավական հիմքերը, մտավոր սեփականության քրեաիրավական պաշտպանության առանձնահատկությունները՝ հաշվի առնելով պաշտպանության այլ ձևերը, մասնավորապես՝ արտոնագրային, արդյունաբերական դիզայնի և ապրանքային նշանների պաշտպանության իրավական մեխանիզմները, ինչպես նաև արհեստական բանականության և հեղինակային իրավունքի փոխհարաբերություններին առնչվող արդիական հարցեր։
ԳՊՀ-ից ամառային դպրոցին մասնակցել են բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողներ Լիլի Մկրտչյանը, Արփի Փարսյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Ժորա Հայրապետյանը, Արևիկ Արզումանյանը, Դիանա Հայրապետյանը և մագիստրոսի կրթական ծրագրով նույն մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Վահան Դավթյանը:
Ամառային դպրոցի ավարտին մասնակից ուսանողներին հանձնվել են մասնակցությունը փաստող հավաստագրեր։



