ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Սյունիքի մարզպետի աշխատակազմը դրամաշնորհների մրցույթ էր հայտարարել բուհերի և քոլեջների համար՝ «Տարվա լավագույն գիտակրթական ծրագիր» խորագրով՝ նպատակ ունենալով աջակցել ուսանողական նախաձեռնություններին, խթանել կրթական միջավայրում նորարար և զարգացող գաղափարների իրականացմանը, ինչպես նաև զարգացնել ուսանողների ներգրավվածությունը գիտակրթական նախագծերում։
Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացած միջոցառման ընթացքում հայտարարվեցին դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերը, որոնց թվում էր Գորիսի պետական համալսարանի ուսանողական կառույցների՝ ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի մշակած՝ «Սյունիքը՝ կրթական ու գիտական մտքի խաչմերուկ» խորագրով ուսանողական հանրապետական գիտաժողովի ծրագիրը: Ուսանողական գիտաժողովի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ ուսանողների գիտական, կրթական և ստեղծարար ներուժի բացահայտման ու զարգացման համար, խթանել միջբուհական ուսանողական համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Ծրագրի շրջանակում 2026 թվականի գարնանը Գորիսի պետական համալսարանում կկազմակերպվի ուսանողական հանրապետական գիտաժողով, որին կմասնակցեն Հայաստանի մայրաքաղաքային ու մարզային բուհերում տարբեր կրթական ծրագրերով սովորող և հետազոտական աշխատանքներում ներգրավված տասնյակ ուսանողներ:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ ուսանողներին մշտապես աջակցելու և նրանց ծրագրերը կյանքի կոչելու համար:





