ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակը Արցախի էլեկտրոնային գրադարանի ներկայացումն ու ԳՊՀ-ի և «Արցախի երիտասարդ գիտնականների եվ մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության համակագործակցային կապերի ամրապնդումն էր:
Ողջունելով ներկաներին՝ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը նշեց, որ ԱԵԳՄՄ ՀԿ-ի հետ ԳՊՀ-ն համագործակցում է դեռևս 2019 թվականից և արդյունավետ գործունեությունը բերել է նրան, որ Կողմերն այսօր ընդլայնում են համագործակցային ուղղությունները՝ ամրագրելով դրանք նոր հուշագրում: Հուշագրի հիմքում երկու կառույցների միջև գիտակրթական և գործնական ոլորտներում առկա համատեղ գործունեության ծավալումն է: Կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, գիտահետազոտական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, պարբերականներ և այլ նյութեր:
ԱԵԳՄՄ հիմնադիր, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, Արցախի էլեկտրոնային գրադարանի նախաձեռնող և ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը ներկայացրեց կայքի ստեղծման գաղափարը՝ նշելով, որ հիմնական նպատակը Արցախի և Հայաստանի վերաբերյալ գիտական ու գեղարվեստական գրականության մեկտեղումն է։ Նա ներկաներին ծանոթացրեց կայքի օգտագործման առանձնահատկություններին, հնարավորություններին՝ ընդգծելով, որ նյութերի ներբեռնումը բացառապես անվճար է, ինչը հնարավորություն է տալիս լայն շրջանակների համար հասանելի դարձնել գիտական գրականությունն ու ուսումնական նյութերը։ Ավետիք Հարությունյանն ընդգծեց, որ «Գիտական Արցախ»-ը,որը ներառված է ՀՀ ԲԿԳԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում և РИНЦ գիտատեղեկատվական շտեմարանում, միակ գիտական պարբերականն է, որը շարունակում է իր գործունեությունը Արցախի ճակատագրի փոփոխություններից հետո։
Հանդիպման ավարտին Ավետիք Հարությունյանը ԳՊՀ-ին նվիրեց «Գիտական Արցախ» պարբերականի մի շարք համարներ։ Բացի դրանից՝ համալսարանի գրադարանը համալրվեց ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» դասագրքով, որը իրավաբանության ոլորտում եզակի աշխատություն է։