ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի համար անցկացվեց դասընթաց՝ «Ստեղծագործական մտածելակերպ և խնդիրներ լուծելու հմտություններ» թեմայով։

Դասընթացը վարեց ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը:

Ն. Սաֆարյանի դասընթացը մեկնարկեց ստեղծարար մտածողության գնահատմամբ. մասնակիցներին ներկայացվեցին ոչ ավարտուն նկարներ, որոնք նրանք պետք է ստեղծագործաբար ավարտեին՝ ցույց տալով իրենց ստեղծագործական կարողությունները: Թեստից հետո ներկայացվեցին ավանդական և ստեղծարար մտածողության միջև եղած տարբերությունները։ Քննարկվեց, թե ինչպես է ստեղծարար մտածողությունը նպաստում նոր գաղափարների առաջացմանն ու խնդիրների արդյունավետ լուծմանը:

Մասնակիցները ծանոթացան մի շարք մեթոդների, որոնք նպաստում են ստեղծագործ մտածելակերպի ձևավորմանը: Մասնավորապես քննարկվեց «TRIZ» մեթոդաբանությունը, որը հիմնված է գյուտարարական խնդիրների համակարգված վերլուծության և դրանց արդյունավետ լուծման մեթոդների վրա: Անդրադարձ կատարվեց խնդիրների լուծման փուլերին, խնդիրները ստեղծարար մեթոդներով լուծելու կարևորությանը: Գործնական մասում մասնակիցները կիրառեցին Էդվարդ դե Բոնոյի «Վեց գլխարկների մտածողության» մեթոդը՝ նույն խնդրի լուծմանը մոտենալով տարբեր տեսանկյուններից։

Դասընթացի ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Facebook Comments