ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ
Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի, ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Ստեղծագործական մտածելակերպ և խնդիրներ լուծելու հմտություններ» թեմայով։
Դասընթացը վարեց ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը:
Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների ստեղծագործական մտածողությունն ու խնդիրներ լուծելու հմտությունները, խթանել նորարար գաղափարների կիրառումը և բարձրացնել նրանց ինքնուրույն, քննադատական ու բազմակողմանի մտածողության մակարդակը։
Մասնակիցները կատարեցին Էլիոթ Թորենսի ստեղծագործականության թեստը՝ պարզելու ստեղծագործական մտածողության մակարդակը և հասկանալու, թե ինչպես է ստեղծարար մտածողությունը նպաստում նոր գաղափարների առաջացմանն ու խնդիրների արդյունավետ լուծմանը։
Դասընթացավարն անդրադարձավ մտածողության տեսակներին, խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցումներին և գործիքներին («Lateral Thinking», «TRIZ», «SCAMPER»)` դրանց գործնական կիրառությունն ու արդյունավետությունը բացատրելով կոնկրետ օրինակներով: Մասնակիցները իրավիճակային առաջադրանքների միջոցով կիրառեցին ներկայացված մեթոդները՝ տեսական գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։
Վերջում ներկայացվեց «Fishbone diagram» գործիքը, որի միջոցով մասնակիցները սովորեցին բացահայտել խնդիրների հիմնական պատճառները և ներկայացնել համակարգված ձևով՝ բաժանելով դրանք ենթախնդիրների ու պատճառների։
Դասընթացի ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:












