ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա, հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Ներսիսյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Սյուզաննա Պետրոսյանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը նշեց, որ համալսարանի կյանքում այսօր առանձնահատուկ և կարևոր օր է, քանի որ կյանքի նոր փուլ են ճանապարհվում թվով 207 շրջանավարտներ։ Նա նշեց, որ շրջանավարտներին հանձնվող դիպլոմները ոչ միայն ավարտական փաստաթղթեր են, այլև նրանց գիտելիքների, տարիների ջանքերի, համառության ու նպատակասլաց աշխատանքի արդյունքը։ Նա ընդգծեց, որ համալսարանը միշտ հպարտացել է, հպարտանում է և շարունակելու է հպարտանալ իր շրջանավարտներով, քանի որ նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը նաև Գորիսի պետական համալսարանի հաջողությունն ու հպարտությունն է: Ռեկտորը շրջանավարտներին մաղթեց մասնագիտական բազում հաջողություններ, անձնական երջանկություն և վստահություն հայտնեց, որ ԳՊՀ-ում ստացած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները նրանց հնարավորություն կտան հաղթահարելու կյանքի բոլոր դժվարությունները և արժանապատվորեն կերտելու իրենց ապագան։
Ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ ուսանողական տարիները մարդու կյանքի ամենահիշարժան ու ամենագեղեցիկ ժամանակաշրջաններից են։ Նա համոզմունք հայտնեց, որ համալսարանում ձեռք բերած գիտելիքները, փորձն ու ձևավորված արժեքները շրջանավարտներին կօգնեն ճիշտ կազմակերպել իրենց կյանքը, կայանալ մասնագիտորեն և կառուցել բարեկեցիկ ու երջանիկ ապագա։
Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Ներսիսյանը նշեց, որ այսօր ուրախ առիթ ու հիշարժան օր է, քանի որ համալսարանի շրջանավարտներն այսուհետ լրացնելու և զորացնելու են այն բանակը, որ կոչվում է Գորիսի պետական համալսարան։ Նա ընդգծեց, որ իրենք կարողացել են առնչվել շրջանավարտների լույսին, և եթե հաջողվել է թեկուզ մի փոքր ավելացնել այդ լույսը, ապա դա նշանակում է, որ հասել են իրենց նպատակին, և իրենց ջանքերն ապարդյուն չեն անցել։ Նա շրջանավարտներին մաղթեց, որ նրանց մասնագիտական կարողությունները բազմապատկվեն, և այն թիերը, որոնցով շարունակելու են թիավարել կյանքի հոսանքին հակառակ, երբեք ցած չդնեն։ Նա հորդորեց ամրացնել իրենց թևերը՝ ավելի բարձր ճախրանքի համար և հիշեցրեց, որ ուր էլ գնան, ինչ թևաբախում էլ ունենան, միևնույն է, իրենց ստեղծածով, արարածով ու բոլոր ձեռքբերումներով վերադառնալու են Գորիսի պետական համալսարան։
Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Սյուզաննա Պետրոսյանը շնորհավորեց շրջանավարտներին գեղեցիկ և կարևոր օրվա կապակցությամբ՝ նշելով, որ նրանց հանձնվող դիպլոմները տարիների աշխատանքի, աշխատասիրության և գիտելիքի արժանի գնահատականն են։ Նրա խոսքով՝ նրանք փակում են իրենց կյանքի կարևորագույն էջերից մեկը, սակայն միաժամանակ բացում են նորը՝ լի անսահման հնարավորություններով և մեծ պատասխանատվությամբ։ Նա ընդգծեց, որ Գորիսի պետական համալսարանում շրջանավարտները ձեռք են բերել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև արժեքներ, որոնք ուղեկցելու են նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Սյուզաննա Պետրոսյանը հորդորեց միշտ հիշել, որ նրանց յուրաքանչյուր հաջողություն լինելու է նաև համալսարանի հաջողությունն ու հպարտությունը։
2025-2026 ուստարում ԳՊՀ-ն ունեցել է 207 շրջանավարտ՝ 158-ը բակալավրի կրթական աստիճանով (այդ թվում`120-ը առկա ուսուցմամբ, 38-ը` հեռակա), 49-ը՝ մագիստրոսի (այդ թվում` 26-ը առկա ուսուցմամբ, 23-ը` հեռակա):



























