ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ
Այսօր Գորիսի պետական համալսարանում ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տարվա ամենասպասված և արդեն ավանդույթ դարձած միջոցառումներից մեկը՝ աշխատանքի տոնավաճառը, որը նպատակ ուներ սերտացնելու աշխատանք փնտրողների և գործատուների միջև շփումն ու համագործակցությունը, նպաստելու երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Նարինե Հովհաննիսյանը, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը:
Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով գործատու-գործընկերներին՝ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը նշեց, որ Գորիսի պետական համալսարանն անչափ կարևորում է փորձի վրա հիմնված կրթությունը, բուհ-գործատու կապերի ամրապնդումը, շարունակական զարգացումը, գործատու գործընկերների հետ սերտ համագործակցության հաստատումը: «Արդեն ավանդույթ դարձած միջոցառումը մի կողմից գործատուներին, մյուս կողմից աշխատանք փնտրող երիտասարդներին համախմբելու հրաշալի հարթակ է»,-շեշտեց ռեկտոր Տ. Վանդունցը՝ հույս հայտնելով, որ այսպիսի միջոցառումների արդյունքում շատ երիտասարդներ կգտնեն իրենց երազած աշխատանքը:
ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Նարինե Հովհաննիսյանը, խոսելով ծրագրի արդյունավետության մասին, նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ ԳՊՀ-ն իրականացնում է այս ծրագիրը, և արդյունքը ցույց է տալիս, որ տարեցտարի մասնակիցների աճ է գրանցվում, երիտասարդները մեծ նպատակասլացությամբ մասնակցում են դասընթացներին և իրենց ուրույն տեղը գտնում աշխատաշուկայում: «Մաղթում եմ երիտասարդներին նոր հնարավորություններ, իսկ բուհին՝ արդյունավետ ծրագրեր և նոր համագործակցություններ»,-ամփոփեց իր խոսքը տիկին Հովհաննիսյանը:
ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ, ծրագրի համակարգող Արփինե Դինունցը իր խոսքում կարևորեց այն փաստը, որ ԳՊՀ-ն աշխատանքի տոնավաճառ միջոցառման ազդարարմամբ մտնում է ծրագրի գործնական փուլ, որի նպատակն է ստեղծել պայմաններ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման ներուժի զարգացման, կարիերայի աջակցման համար: Խոսելով ծրագրի գրանցած հաջողությունների և շարունակականության մասին՝ նա նշեց. «Մենք այս տարի ևս եղել ենք դրամաշնորհային ծրագրի միակ հաղթող կազմակերպությունը, աննախադեպ ցուցանիշներ ենք ունեցել ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում այն առումով, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքներից ունեցել ենք մասնակցություններ: Սա խոսում է այն մասին, որ երեք տարիների ընթացքում հաջողվել է դրական արդյունքը բազմապատկել, ինչը հնարավոր է դարձել հիմնականում մեր դասընթացավարների նվիրված աշխատանքի շնորհիվ»:
Տոնավաճառին մասնակցեցին աշխատուժի պահանջարկ ունեցող 17 գործատու ընկերություններ տարբեր ոլորտներից՝ ֆինանսաբանկային, կրթական, հասարակական, ՏՏ և այլ ոլորտներից, ովքեր ներկայացրին 40-ից ավել թափուր աշխատատեղեր։
Տաղավարների մոտ ակտիվ եռուզեռ էր։ Տոնավաճառի մասնակիցները շրջեցին տաղավարներում, ծանոթացան մասնակից կազմակերպություններին, ընկերություններին, հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվելու գործատուների հետ, ձեռք բերելու պայմանավորվածություններ: Գործատուներն էլ աշխատուժի պահանջը լրացնելու նպատակով ներկայացրին թափուր հաստիքների և դրանց համալրման, պահանջվող որակավորումների և հմտությունների, առկա պրակտիկաների վերաբերյալ տեղեկատվություն:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում ոչ ֆորմալ դասընթացները հաջողությամբ ավարտած երիտասարդների հավաստագրերի շնորհումը: