ԳՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում տեղի ունեցան դասընթացներ՝ «Հուզական և սոցիալական ինտելեկտ» և «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ» թեմաներով։
Դասընթացները վարեցին ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Նազելի Հախվերդյանը և ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արփինե Դինունցը:
«Հուզական և սոցիալական ինտելեկտ» թեմայով դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը հուզական և սոցիալական ինտելեկտի մասին, նպաստել էմպաթիայի ու հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ինչպես նաև տրամադրել գործնական գործիքներ, որոնք կօգնեն այս հմտությունները կիրառելու ուսումնական և աշխատանքային միջավայրում։ Ն. Հախվերդյանը ներկայացրեց հուզական և սոցիալական ինտելեկտի հիմնական բաղադրիչները, անդրադարձավ դրանց միջև եղած սերտ կապին, ինչպես նաև խոսեց հուզական ինտելեկտի կարևորության մասին՝ ընդգծելով դրա դերը հույզերի և սթրեսի արդյունավետ կառավարման, հաղորդակցման բարելավման, բարձր ինքնագնահատականի և ինքնավստահության ձևավորման, կոնֆլիկտների լուծման ու հոգեկան առողջության պահպանման գործում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները լրացրին ինքնագնահատման հարցաշար՝ բացահայտելու հուզական և սոցիալական ինտելեկտի մակարդակը, պարզելու սեփական հմտությունների ուժեղ և թույլ կողմերը։ Նաև քննարկեցին տարբեր իրավիճակներ՝ ուղղված հուզական ինտելեկտի կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը։
«Մեդիա և թվային գրագիտության հմտություններ» թեմայով դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արհեստական բանականության (ԱԲ) գործիքների կիրառման հնարավորություններին: Քննարկվեց ԱԲ-ի դերը ժամանակակից աշխարհում, ներկայացվեցին դրա առավելություններն ու մարտահրավերները, ինչպես նաև էթիկական մի շարք նկատառումներ, որոնք կարևոր են ԱԲ գործիքների նպատակային կիրառման համար:
Դասընթացը ներառեց տեսական և գործնական բաղադրիչներ՝ նպատակ ունենալով մասնակիցներին ներկայացնել՝ ինչպես կարելի է կիրառել ԱԲ գործիքները և հնարավորություն տալ անմիջապես կիրառելու ստացած գիտելիքները:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան խոսքի սղագրման, խոսքի ընթացիկ ինքնաշխատ թարգմանության, ձայնը տեքստի վերածող և տեքստը ձայնի վերածող, ԱԲ պատկերի ստեղծման և պատկերի արագ խմբագրման գործիքներին: Ա. Դինունցի կողմից ներկայացված նոր գործիքները ոչ միայն հետաքրքրություն առաջացրին մասնակիցների շրջանում, այլև հնարավորություն տվեցին ըմբռնելու, թե ինչպես կարելի է բարդ բովանդակությունը մատուցել պարզ և հասկանալի ձևով։