ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ
Գորիսի պետական համալսարանը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ ոգևորությամբ ընդունեց համալսարանականներին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ համալսարանականներին շնորհավորական խոսք հղեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը. «Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Սեպտեմբերի 1-ը մեզ ամեն տարի հիշեցնում է, որ կրթությունն ու գիտելիքը մշտապես մնում են ժամանակի պահանջ, իսկ մեր պարտքն է այդ պահանջին վերաբերվել պատասխանատվությամբ։ Կրթությունը ժամանակի ամենակարևոր ներդրումն է և ամենամեծ մնայուն արժեքը, որը երբեք չի կորցնում իր իրական նշանակությունը, իսկ գիտելիքը ձեռք է բերվում մշտական ջանքերի, պատասխանատվության և հաստատակամ կամքի շնորհիվ:
Սիրելի՛ ուսանողներ, համալսարանը այն վայրն է, որտեղ դուք կարող եք սովորել, ուսումնասիրել, ստեղծել ու մտածել՝ չվախենալով տարբերվելուց։ ԳՊՀ-ն այս տարի ևս պարտավորվում է ապահովել կրթության բարձր որակ, կիրառել ուսուցման արդիական մեթոդներ, զարգացնել միջազգայնացման ուղիները և ստեղծել հետազոտական աշխատանքների նոր հնարավորություններ, որոնց իրականացմանը դուք՝ ուսանողներդ, կունենաք ակտիվ մասնակցություն»:
Ողջույնի խոսք ասացին նաև ԳՊՀ ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը, բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լ. Աթաբեկյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ս. Պետրոսյանը՝ ուսանողներին մաղթելով նորն ընդունելու պատրաստակամություն, հաստատակամություն, արգասաբեր և արդյունավետ գործունեություն, նոր նվաճումների նպատակասլացություն, աշխատասիրություն, նվիրում, ստեղծագործական միտք, տոկունություն և հետևողականություն՝ ընտրված ուղին վստահությամբ անցնելու համար:
Առաջին կուրսեցիների անունից շնորհավորանքի ու շնորհակալության խոսք ասաց «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Սոֆի Մեժլումյանը:
Միջոցառման ավարտին ԳՊՀ ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները ուղեկցեցին առաջին կուրսեցիներին ֆակուլտետներ՝ ծանոթանալու ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, դասացուցակներին։





















