ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) և Գորիսի պետական համալսարանի միջև համագործակցության շրջանակում մեկնարկեց հայ-ավստրիական աշնանային դպրոցը, որի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 5-ը։

Աշնանային դպրոցին մասնակցում են Սյունիքի պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ:

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Սյունիքի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ դեպի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիններ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ։

Հանդիպմանը ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց հյուրերին՝ ուրախությամբ արձանագրելով հայ-ավստրիական աշնանային դպրոցի երկրորդ անգամ անցկացումը Գորիսի պետական համալսարանում։ Նա շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ հայրենանվեր գործունեության և հայագիտության զարգացմանն ուղղված նշանակալի աշխատանքի համար, մաղթեց արդյունավետ աշխատանքային օրեր՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Դասախոսություններով հանդես եկան Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Սարգսյանը:

Ակտիվ հարցուպատասխանի միջոցով բանախոսներն անդրադարձան մշակութային ժառանգության տեսակներին և նշանակությանը, արխիվային նյութերի ուսումնասիրման ու դրանց հետ աշխատելու մեթոդներին, ազգագրական դաշտային հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին, համայնքի բնակիչների հետ հարցազրույցների անցկացման մեթոդներին, հուշարձաններից տեղեկություններ ստանալու հնարավորություններին, համայնքի բնակիչների հետ հարցազրույցների անցկացման մեթոդներին, ինչպես նաև մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին և դրանց կանխարգելման ուղիներին։

 

Facebook Comments