ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ՝ ՆՎԻՐՎԱԾ Ա.ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 126-ԱՄՅԱԿԻՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկեց եռօրյա դասախոսությունների շարքը՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակին:

Բացման խոսքով հանդես եկավ Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը՝  շեշտելով, որ Բակունցը այն եզակի մեծություններից էր, ով եղբայրական ձեռք էր մեկնել ժողովրդին՝ կարողանալով սիրել իր հայրենիքը անսովոր սիրով ու մթնաձորյան խորությամբ։ Նրա համոզմամբ՝ հենց Սյունյաց բնաշխարհն է կերտել Բակունցի կերպարը՝  հղկելով ու ստեղծելով մի նվիրական դեմք, որն իր «մարմարյա» բառերի կերտումով կարողացել է մնայուն  տեղ գրավել հայ գրականության մեջ:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները ներկայացրին գրողի կյանքին ու գրական գործունեության ծանոթ-անծանոթ էջերին առնչվող հետաքրքիր դրվագներ՝ իրենց խոսքը համեմելով Բակունցի ստեղծագործական գոհարների մեջբերումներով:

Հետաքրքիր և գիտական վերլուծությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիմա Ստեփանյանը՝ «Միջտեքստայնություն. Ակսել Բակունց – Սերո Խանզադյան» թեմայով դասախոսությամբ՝ նոր հայացք նետելով երկու գրողների ստեղծագործական առնչություններին:

Facebook Comments