ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտի փորձագիտական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը ներկայացրեց ԳՊՀ-ում մեկնարկած ներքին աուդիտի գործընթացի նշանակությունը, նպատակները, մեթոդաբանությունը, փուլերը, ակնկալվող արդյունքները: Խոսելով ներքին գնահատման կարևորության մասին՝ նա նշեց, որ հաստատվել է ներքին աուդիտի իրականացման կանոնակարգը, որի համաձայն գործընթացը պետք է իրականացվի ինչպես համալսարանի ներքին շահակիցների, այնպես էլ արտաքին փորձագետների մասնակցությամբ։ Այս մոտեցումն ունի մեկ նպատակ՝ բացահայտել ծրագրերի թերությունները, գնահատել վերջնարդյունքները, դրանք համեմատել աշխատաշուկայի պահանջների հետ և ներկայացնել առաջարկներ՝ կրթական ծրագրերը բարելավելու համար։
Ներկայացվեց նաև, որ մասնագիտական կրթական ծրագրերի համար արդեն իսկ մշակվել են ինքնավերլուծության զեկույցներ, որոնք կուսումնասիրվեն փորձագետների կողմից: Դրանից հետո տեղի կունենան փորձագիտական առդեմ և առցանց հանդիպումներ՝ ԳՊՀ-ի փորձաքննվող ՄԿԾ-ների իրականացմամբ զբաղվող աշխատակիցների և այդ ՄԿԾ-ներով սովորողների, ինչպես նաև շրջանավարտների հետ:
Վերլուծության արդյունքներով կազմված զեկույցներում կարտացոլվեն փորձագետների դիտարկումները և ՄԿԾ-ների բարելավմանն ուղղված առաջարկությունները։ Ամբիոնների վարիչները դրանց հիման վրա կպատրաստեն թերությունների շտկմանն ուղղված պլաններ:
Նշենք, որ այս տեղեկատվական քննարկմանը նախորդել են արտաքին փորձագետների հետ հանդիպումները: