ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Մայիսի 7-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացների շարքը։ Առաջին հանդիպումը, որն անցկացվեց «Կարևոր ձեռնարկատիրական հմտություններ. նախաձեռնողականություն և պրոակտիվություն» թեմայով, վարեց ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը։

Դասընթացն ուղղված էր մասնակիցների նախաձեռնողականության, պրոակտիվ մտածողության, ժամանակակից ձեռնարկատիրական հմտությունների և կարողությունների  զարգացմանն ու ձևավորմանը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացան նախաձեռնողականության ու պրոակտիվության հիմնարար սկզբունքներին, այլև ուսումնասիրեցին ժամանակակից ձեռնարկատիրության կարևոր մոդելներ և մեթոդաբանություններ։ Հատուկ ուշադրություն դարձվեց «Lean Startup» մեթոդաբանությանը՝ որպես արդյունավետ գործիք ստարտափ գաղափարներն արագ փորձարկելու, ռիսկերը գնահատելու և ժամանակակից աշխատաշուկայում ավելի մրցունակ գործելու համար։  Քննարկվեցին «Lean Startup»-ի 5 հիմնական սկզբունքները, ինչպես նաև ստարտափների ձախողման պատճառները: Դասընթացի գործնական մասը նվիրված էր Բիզնես մոդելի կտավի (Business Model Canvas) ուսումնասիրությանը:Ծանոթանալով մոդելի 9 առանցքային բաղադրիչներին՝ ուսանողները մշակեցին  բիզնես գաղափարներ:

Դասընթացի ավարտին անցկացվեց առցանց քուիզ առաջադրանք՝ պարզելու և  ամփոփելու ուսանողների ստացած գիտելիքներն ու հմտությունները:

 

Facebook Comments