ԳՊՀ-ՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ 30 ԿՐԵԴԻՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Այսօր ԳՊՀ-ում հավաստագրեր հանձնվեցին «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի 2-րդ հոսքի մասնակիցներին:
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ունկնդիրներին և շնորհակալություն հայտնեց Գորիսի պետական համալսարանն ընտրելու և կրթական ծրագրի շարունակականությանը նպաստելու համար: Անդրադառնալով համալսարանի դերին նման հանրօգուտ ծրագրերի իրականացման հարցում՝ նա շեշտեց, որ սահմանափակ հնարավորությունների պայմաններում համալսարանը հետևողականորեն փորձում է ապահովել կրթության բարձր մակարդակ և շրջանավարտների արժանապատիվ մուտք դեպի հանրակրթության ոլորտ։
Նա հույս հայտնեց, որ ստացած հավաստագրերը կօգնեն ծավալելու մանկավարժական գործունեություն, կդառնան մասնագիտական հաջողությունների գրավականը, ինչպես նաև վարակիչ կլինեն շատ ուսուցիչների համար: Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց ծրագրի մշակման և կազմակերպման պատասխանատու անձանց, դասընթացավարներին՝ ներդրած ջանքերի, պատրաստակամության, մեծ նվիրումով այն իրականացնելու համար:
Կրթական ծրագրի համակարգող, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը նշեց, որ այս ծրագիրը իրապես բացառիկ էր թե՛ բովանդակությամբ, թե՛ կազմակերպական մոտեցումներով։ Ըստ նրա՝ ծրագիրը լիարժեք իրագործել է իր առջև դրված նպատակները՝ հնարավորություն տալով մասնակիցներին ամուր հիմք ստեղծել մանկավարժական կարիերայի զարգացման համար։ Միաժամանակ շեշտեց, որ ծրագրի ավարտը մի նոր պատասխանատվության, շարունակական աշխատանք ծավալելու սկիզբ է․ շրջանավարտները կոչված են տարբեր դպրոցներում բարձր պահելու համալսարանի անունը՝ դառնալով ԳՊՀ-ի որակի ու արժեքների կրողը հանրակրթության ոլորտում։
Ծրագրի մասնակից ունկնդիրները շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավար կազմին՝ նման հնարավորություն ընձեռելու, օգնելու և մանկավարժ դառնալու երազանքը կյանքի կոչելու ճանապարհին աջակցելու համար:
Կրթական չորսամսյա ծրագրով այսօր հավաստագիր ստացավ 9 ունկնդիր՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Անգլերեն» առարկայական ուղղվածություններով:
_____________________________________________
Հիշեցնենք, որ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Անգլերեն» առարկաների մասնագիտական ոլորտներում 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրում ապահովող կրթական ծրագրին կարող է մասնակցել այն անձը, որն ունի՝
1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն,
2) բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ,
3) բարձրագույն կրթություն, տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ և հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից հետո կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով մասնակցելու պարտավորություն:















