ԳՊՀ-ՈՒՄ ԱՐԺԵՎՈՐԵՑԻՆ ՊՐՈՖԵՍՈՐ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԲԱԶՄԱՄՅԱ ՎԱՍՏԱԿԸ
Այսօր Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցը պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանին հանձնեց շնորհակալագիր՝ կրթության և գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ԳՊՀ-ում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության և ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ։
Շնորհավորելով հոբելյարին՝ ռեկտորը նշեց, որ Գևորգ Ստեփանյանը համալսարանի այն նվիրյալներից է, որի մասնագիտական փորձն ու երկարամյա գործունեությունը մեծապես նպաստել են Գորիսի պետական համալսարանի հեղինակության բարձրացմանը: Տիգրան Վանդունցն ընդգծեց նաև, որ պրոֆեսոր Ստեփանյանը մշտապես կարևորել է գիտահետազոտական աշխատանքը, իր խորհուրդներով և աջակցությամբ խրախուսել երիտասարդներին, օգնել նրանց մասնագիտական կայացման ճանապարհին և նպաստել գիտական մտքի զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Գևորգ Ստեփանյանը նշեց, որ Գորիսի պետական համալսարանի հետ կապված են իր կյանքի և մասնագիտական գործունեության կարևորագույն տարիները։ Նա երախտագիտություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը և գործընկերներին՝ ցուցաբերած գնահատանքի և տարիների ընթացքում զգացած աջակցության համար։
Հոբելյարը նշեց նաև, որ ստացած գնահատանքն իր համար ոչ միայն ուրախության, այլև պատասխանատվության առիթ է՝ շարունակելու իր գործունեությունը նույն նվիրումով ու աշխատասիրությամբ։
Հոբելյարի մասին ջերմ հուշերով ու գնահատանքի խոսքերով հանդես եկան նրա գործընկերներն ու համախոհները: Նրանք անդրադարձան նրա մասնագիտական վաստակին, ինչպես նաև Պատմության ամբիոնի կայացման և զարգացման գործում ունեցած նրա անուրանալի դերին:
Ներկաները բարձր գնահատեցին պրոֆեսոր Ստեփանյանի գիտական ու մանկավարժական գործունեությունը՝ մաղթելով նրան քաջառողջություն, երկար տարիների արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ։












