ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Փետրվարի 18-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ֆրանսիայի Լիլի համալսարանի բնապահպանական գիտությունների ինստիտուտի (IRePSE) տնօրեն և Էվոլյուցիա-էկոլոգիա-հնէաբանություն գիտահետազոտական բաժնի փոխտնօրեն, պրոֆեսոր Տանիել Դանիելյանին, Լեզուների, մշակույթների և հասարակական գիտությունների ֆակուլտետի, Կիրառական օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, PECO/CEI միջազգային փոխանակման գծով պատասխանատու Գարիկ Գալստյանին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչներին:
Հանդիպման նպատակը Գորիսի պետական համալսարանի, Լիլի համալսարանի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջև կրթական ու գիտահետազոտական համագործակցության հնարավորությունների քննարկումն էր, ինչպես նաև ԳՊՀ-ի դասախոսների ու ուսանողների շարժունությանը վերաբերող համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները:
Ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, կարևորեց համալսարանի գիտակրթական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Գորիսի պետական համալսարանը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստ է ակտիվորեն ներգրավվել համատեղ կրթական ու գիտահետազոտական ծրագրերում։
Կողմերը ներկայացրին իրենց համալսարանների գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով զբոսաշրջության, բուսաբանության և բնապահպանության ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը։
Կարևորելով միջազգային համագործակցության դերը բարձրագույն կրթության զարգացման գործընթացում՝ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու կրթական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ շրջայց, ներկայացուցիչները ծանոթացան համալսարանի ենթակառույցներին։