ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԶԱԼՑԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏԻՆ

Սեպտեմբերի 3-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ճարտարապետական մոդելավորման խմբի ավագ լաբորանտ Արտյոմ Անանյանին:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց հյուրերին՝ կարևորելով նրանց գործունեությունը հայագիտության ոլորտում և Գորիսի պետական համալսարանի հետ ձևավորված սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Ռեկտորը շեշտեց նաև համագործակցության շարունակականության և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա հիմքը դրվել է Էրազմուս+ ծրագրի շրջանակում և այդ գործընկերությունը շարունակվում է մինչ օրս՝ նպաստելով ԳՊՀ-ի ներգրավմանը միջազգային նոր նախաձեռնություններում։

Յասմին Դում-Թրագուտը ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, առանձնացրեց Սյունիքի պատմությանը և մշակույթին առնչվող հետազոտություններն ու ծրագրերը, որոնք միտված են տեղական մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանն ու բարեկարգմանը: Այս ծրագրերում նախատեսվում է նաև Գորիսի պետական համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը՝ որպես հետազոտական և գործնական փորձ ձեռք բերելու հնարավորություն:

Այցի ընթացքում քննարկվեցին նաև հայագիտությանն աջակցելու հնարավոր ուղղությունները, Աշնանային դպրոցի կազմակերպման, ուսանողական և դասախոսական փոխանակման ծրագրերի իրականացման հավանականությունները:

Facebook Comments