ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻՆ
Նոյեմբերի 18-ին ԳՊՀ-ն իր հարկի տակ հյուրընկալեց Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին:
Հյուրին ողջունեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու, փորձի և գիտելիքի փոխանակման պատրաստակամություն ցուցաբերելու համար։
Հանդիպումը մեկնարկեց «Կրթության արդի խնդիրները և շախմատը դպրոցում» թեմայով քննարկմամբ, որի ժամանակ ներկայացվեցին շախմատի ուսուցման առավելությունները և այն հմտությունները, որոնք ձևավորվում ու զարգանում են շախմատի միջոցով՝ ստեղծագործական մտածողությունից մինչև վերլուծական որոշումներ կայացնելու կարողություն։ Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ներկայացրեց տարբեր երկրների փորձերը՝ շախմատը որպես կրթական առարկա դպրոցում ներդնելու, ուսումնական գործընթացում արդյունավետ գործիք դարձնելու և աշակերտների անհատական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը նպաստելու ուղղությամբ։ Նա անդրադարձավ այնխնդիրներին, որոնք ինչ-որ չափով ընկած են կրթության արդի հիմնախնդիրների հիմքում և խոչընդոտում են սովորողների առաջադիմությանը, մոտիվացիայի բարձրացմանը և ստեղծարար հմտությունների զարգացմանը:
Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով․ շախմատասեր հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու գրոսմայստերին՝ կապված դպրոցում շախմատի դասաժամերի ավելացման, ուսուցիչների պատրաստվածության, ֆիզիկական դաստիարակության կարևորության և կրթական մի շարք հարցերի հետ։
Հանդիպմանը ներկա էին շախմատասեր դասախոսներ, ուսանողներ, շախմատի ուսուցիչներ, շախմատով հետաքրքված անձինք:

















