ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի (AANSI) հիմնադիր-նախագահ, ԱՄՆ բանակի գեներալ-մայոր Մարք ՄաքՔարլիին, AANSI իրավագիտության խորհրդական, ԱՄՆ բանակի ավագ գնդապետ Ջեյմս Ռոբինետտին, AANSI մարդասիրական օգնության բրիգադայի վարժանքների տնօրեն, Լոս Անջելեսի շերիֆ հրամանատար Բրադլի Լայընին, AANSI հիմնադիր փոխնախագահ, AANSI մարդասիրական օգնության բրիգադայի փոխհրամանատար Աբօ Չափարեանին, AANSI հայաստանյան ղեկավար, գնդապետ Արման Մկրտչյանին:
Հյուրերին ընդունեցին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը:
Ողջունելով հյուրերին՝ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը նշեց, որ Գորիսի պետական համալսարանը պատրաստ է ընդլայնելու և ամրապնդելու գործընկերային կապերը և սատարելու այն ծրագրերին, որոնք ուղղված են համալսարանի կարողությունների զարգացմանն ու առաջընթացին։
Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, բուհում գործող մասնագիտական կրթական ծրագրերի, ֆակուլտետների, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի, համալսարանների հետ համագործակցությունների, փորձի փոխանակման կարևորության, ուսանողների և դասախոսների շարժունության մասին:
Ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ հյուրերն առանձնացրին համատեղ նախաձեռնությունների իրականացման և դասախոսական փոխանակման ծրագրերի հեռանկարներն ու հավանականությունները։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին Գորիսի պետական համալսարանի հետ միասին մշակելու և իրականացնելու կրթական ոլորտի համատեղ նախագծեր՝ հիմնվելով առաջավոր փորձի փոխանակման վրա։
Կարևորելով ԳՊՀ-ի համագործակցության պատրաստակամությունը՝ նրանք հույս հայտնեցին, որ առաջիկայում կլինեն փորձի փոխանակումներ, վերապատրաստումներ, միջազգային համագումարներ և գիտաժողովներ, որոնք կնպաստեն համալսարանի կարողությունների զարգացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։







