ԳՊՀ-Ն՝ COP17-Ի «ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ»

2026 թ. հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։

Գորիսի պետական համալսարանը համաժողովի «Կանաչ գոտում» ներկայացված էր երեք միջոցառմամբ՝ համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված սեսիայով, Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի տաղավարում ներկայացված զեկուցմամբ և «Կանայք կլիմայում» մրցանակաբաշխությանը մասնակցությամբ։ Միջոցառումների շրջանակում ԳՊՀ-ն ներկայացրեց Սյունիքի կենսաբազմազանության ուսումնասիրությանն ու  պահպանությանն ուղղությամբ իր գիտական, կրթական և կիրառական աշխատանքները։

Հոկտեմբերի 22-ին COP17-ի «Կանաչ գոտում» Գորիսի պետական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց «Սյունիքի բուսական կենսաբազմազանության խելացի պահպանություն. արևային մոնիթորինգ և AI-աջակցվող վաղ նախազգուշացման համակարգեր» սեսիան։ Կազմակերպիչն ու մոդերատորը ԳՊՀ ՀՄ ֆակուլտետի դեկան, կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Սյուզաննա Հայրապետյանն էր։

Սեսիայում զեկուցումներով հանդես եկան ք.գ.թ., դոցենտ Սյուզաննա Հայրապետյանը՝ «Արևային մոնիթորինգ և AI-աջակցվող վաղ նախազգուշացման համակարգ Սյունիքի համար» թեմայով, ք.գ.թ., դոցենտ Լիլիթ Աթաբեկյանը՝ «Սյունիքի դեղաբույսերի ֆիտոքիմիական ներուժը» թեմայով, ք.գ.դ., դոցենտ Լուիզա Վարդանյանը՝ «Վայրի դեղաբույսերի հակաօքսիդիչ ակտիվությունը. կենսաբժշկական արժեք և էկոլոգիական սթրեսի ցուցիչ» թեմայով, ԳՊՀ ԿՔՃ ամբիոնի դասախոս Անի Գալստյանը՝ «Ծանր մետաղները Սյունիքի վայրի բույսերում. ռիսկային տարածքների քարտեզագրում և անվտանգ հավաքի նախազգուշացումներ» թեմայով:

Զեկուցումներում ներկայացվեցին Սյունիքի բուսական ռեսուրսների պահպանության նորարարական մոտեցումները, այդ թվում՝ արևային էներգիայով աշխատող մոնիթորինգի համակարգերի և արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանի դեղաբույսերի ֆիտոքիմիական և հակաօքսիդիչ ներուժին, ինչպես նաև վայրի բույսերում ծանր մետաղների պարունակությանն ու աղտոտվածության ռիսկերին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բույսերի՝ շրջակա միջավայրի վիճակի ցուցիչ լինելու նշանակությանը և վայրի բույսերի անվտանգ հավաքի կազմակերպմանը։

Հոկտեմբերի 23-ին COP17-ի «Կանաչ գոտում» կայացավ «Կանայք կլիմայում» (Women in Climate Awards) մրցանակաբաշխության՝ COP17 հատուկ թողարկումը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ։ Այն նպատակ ունի ճանաչել և տեսանելի դարձնել կանանց առաջնորդությունը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։

Մրցանակաբաշխությանը Գորիսի պետական համալսարանը ներկայացված էր երկու դասախոսների աշխատանքներով, որոնք առաջարկում էին երկու փոխլրացնող լուծումներ՝ կանաչ կրթության և կենսաբազմազանության պահպանության ուղղություններով։

ԳՊՀ կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի վարիչ, ք.գ.դ., դոցենտ Լուիզա Վարդանյանը ներկայացրեց «Կանաչ քիմիան՝ դպրոցից մինչև մագիստրատուրա. կայուն զարգացման կրթություն ապագա ուսուցիչների համար Սյունիքում» աշխատանքը, որը հիմնված է «դպրոց–բուհ–դպրոց» կրթական մոդելի վրա: «Կլիմայի և կենսաբազմազանության կրթություն բոլորի համար» անվանակարգում այս աշխատանքն ընդգրկվեց լավագույն հնգյակում։

ԳՊՀ ՀՄ ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., դոցենտ Սյուզաննա Հայրապետյանը ներկայացրեց «Սյունիքի բուսական կենսաբազմազանության խելացի պահպանություն» լուծումը, որը Սյունիքի վայրի և դեղաբույսերի քիմիական կազմի հետազոտությունները վերածում է կիրառական լուծումների և վաղ նախազգուշացման համակարգի հայեցակարգի։։

Երկու աշխատանքներն էլ ցույց տվեցին, թե ինչպես կարող են համալսարանում իրականացվող գիտական հետազոտություններն ու կրթական նախաձեռնությունները նպաստել Սյունիքի կենսաբազմազանության պահպանությանը և կանաչ կրթության զարգացմանը։

Facebook Comments