ԳՊՀ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՏԱՂԱՎԱՐՈՒՄ
Հոկտեմբերի 22-ին COP17-ի Կանաչ գոտում՝ Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի տաղավարում, ԳՊՀ կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դասախոս, կ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Շալունցը հանդես եկավ «Սյունիքի մարզի կենսաբազմազանության պահպանությունը՝ թափոնների ինտեգրված կառավարման և էկոլոգիական կրթության միջոցով» զեկուցմամբ։
Զեկուցման մեջ ներկայացվեցին Սյունիքի կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ թափոնների ոչ պատշաճ կառավարումն ուղղակի ազդեցություն ունի բնական էկոհամակարգերի վրա, ուստի կենսաբազմազանության պահպանությունն անհնար է առանց թափոնների ինտեգրված կառավարման։ Այս համատեքստում որպես լուծման հիմնական գործիք դիտարկվեց էկոլոգիական կրթությունը, որը ձևավորում է բնության նկատմամբ պատասխանատու վարքագիծ դեռևս դպրոցական տարիքից։
Զեկուցողը ներկայացրեց ԳՊՀ-ում կիրառվող միջառարկայական ուսուցման մոտեցումները, որոնք կենսաբանության, քիմիայի և բնապահպանության գիտելիքները կապում են իրական տեղական խնդիրների հետ։ Ներկայացվեցին նաև ուսանողների մասնակցությամբ Սյունիքի դպրոցներում իրականացված կրթական աշխատանքների օրինակներ, որոնց շնորհիվ ապագա ուսուցիչները դեռևս ուսման ընթացքում ձեռք են բերում էկոլոգիական կրթություն իրականացնելու գործնական փորձ, իսկ աշակերտներն անմիջականորեն ներգրավվում են բնապահպանական խնդիրների քննարկմանը։
Զեկուցման վերջում քննարկվեցին համալսարան–դպրոց–համայնք համագործակցության ընդլայնման և գործնական հետազոտական նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները՝ որպես մարզում կենսաբազմազանության պահպանության կայուն մոդել։







