ԳՊՀ-Ի ԵՎ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Նոյեմբերի 6-ին Գորիսի պետական համալսարանի և Տաթևի համայնքային կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով կենտրոնի կողմից Տաթև համայնքում իրականացվող կրթական և այլ աջակցող մի շարք ծրագրերի իրականացման փաստը  և հիմք ընդունելով Կողմերի ձգտումը, այն է՝ աջակցել Տաթևում և հարակից տարածքներում համայնքների զարգացմանը, անձանց կրթության և ինքնազարգացման խթանմանը:

Հուշագրի նպատակը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող և համալսարանի կողմից իրականացվող «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման շրջանակներում «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի  արդյունքների համատեղ օգտագործմամբ գործընկերային հարաբերությունների հաստատումն է:

ԳՊՀ-ի և Տաթևի համայնքային կենտրոնի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով՝

  • ծրագրի արդյունքների մասին տեղեկությունների տրամադրում Կենտրոնին, համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների քննարկում և կազմակերպում,
  • ծրագրի շրջանակներում մշակված էլեկտրոնային առցանց դասընթացների ներառում Կենտրոնի կողմից Տաթև համայնքի երիտասարդների համար իրականացվող ուսուցման ծրագրերում,
  • կողմերի իրականացրած համատեղ հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին փոխադարձ մասնակցություն:
Facebook Comments